ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է Կառավարության նախաձեռնությամբ վաղը ԱԺ արտահերթ նիստ գումարելու որոշումը: Օրակարգում, հիշեցնենք, «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի և Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծերն են:
Կառավարությունն առաջարկում է ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանել ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների համար: Մասնավորապես, ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և բնապահպանական հարկից կազատվեն կառավարության հաստատած ցանկում ներառված ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքները, որոնք նվիրաբերվելու են ՊՆ-ին, ԱԻՆ-ին կամ առողջապահության նախարարությանը:
Առաջարկվում է օրենսդրությամբ ազատել նաև այդ ապրանքները դրոշմավորելու պարտավորությունից:
«Գործող հարկային օրենսդրության համաձայն՝ անկախ հետագայում ապրանքները անհատույց (նվիրատվությամբ) պետությանը հանձնելու հանգամանքից, հարկ վճարողների կողմից ապրանքների ներմուծումը հարկվում է ԱԱՀ-ով, իսկ որոշ ապրանքների դեպքում՝ նաև ակցիզային հարկով և (կամ) բնապահպանական հարկով, ինչը լրացուցիչ բեռ է ներմուծող անձանց համար: Մյուս կողմից՝ ռազմական դրության ժամանակահատվածում պետությանն անհատույց (նվիրատվությամբ) ապրանքներ մատակարարող հարկ վճարողների համար լրացուցիչ բեռ է նաև ապրանքների դրոշմավորման պարտավորությունը»,- նշված է օրինագծի հիմնավորումների մեջ: