Իսրայելացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ֆեյսբուքի էջում կրկին անդրադարձել է արցախա-ադրբեջանական պատերազմին: Այս անգամ բլոգերի թիրախում ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերն են:
Վերլուծելով այդ տեսանյութերը՝ բլոգերը նկատում է, որ այսպես կոչված «ազատագրված» տարածքներում հայերն օգտագործել են արաբական գիր կամ Արցախում ուկրաինական համարանիշներով մեքենաներ, կամ «ազատագրված» Սոթքի լեռնանցքում սոսիների փարթամ անտառ է, իսկ մեկ տարի առաջ, երբ Լապշինը Հայաստանում էր, այդպիսի բան չկար:
«Ադրբեջանցի «քաջ» զինվորների «ազատագրած» Հադրութում, Ջաբրայիլում և Մարտունիում նկարած տեսանյութերը նայելիս ինձ համար պարզեցի, որ հայերն օգտագործում են արաբական գիր, իսկ Մարտունիում, պարզվում է՝ գործում է Սիրիայի ազգային բանկը և, չգիտես ինչու՝ Հալեպի մասնաճյուղը՝ դատելով արաբերեն արձանագրությունից: Ադրբեջանական տեսանյութերից ինձ համար բացահայտեցի նաև, որ, պարզվում է՝ Ղարաբաղում մեքենաների ավտոհամարանիշների վրա ուկրաինական նշան է՝ UA, իսկ շրջակայքը հիշեցնում է ավերածությունները Դոնեցկում:
Նաև, առանց ուրախության նկատեցի, որ իբր Ադրբեջանի «գրաված» Սոթքի լեռնանցքում սոսիների անտառի գերաճ է եղել: Ընդամենը մեկ տարի հետո, ինչ ես այնտեղ եղել եմ: Դա իսկական հրաշք է, որովհետև մեկ տարի առաջ այդտեղ միայն լերկ ժայռեր էին:
Ենթադրում եմ՝ Ադրբեջանը մեզ շուտով կծանոթացնի Յաշմայի զինվորների կողմից արված սելֆիին՝ Ստեփանակերտում: Այդ նկարներից մենք կհասկանանք, որ Ստեփանակերտը հրաշալի առողջարանային քաղաք է, որը հիշեցնում է Սումգայիթը»,- ասված է իսրայելացի բլոգերի գրառման մեջ: