Աշխարհահռչակ երաժիշտ, System Of A Down ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին օրերի լարվածության սրացմանը, թուրք-ադրբեջանական ագրեսիային:
«Ամեն օր ես արթնանում եմ ու աղոթում եմ, որ ռմբակոծությունները դադարեն, ամեն օր»,- ասում է 53-ամյա Թանկյանը:
Այն հարցին, թե ինչ զգացողություններ ունի հանրահայտ երաժիշտն այս օրերին, Սերժ Թանկյանը պատասխանել է. «Ժամանակ առ ժամանակ՝ վիշտ, հպարտություն և զայրույթ եմ զգում: Հույզերի միջով ես անցնում, քանի որ Հայաստանը գործ ունի հայ ժողովրդի դեմ ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Թուրքիայի կողմից ագրեսիայի ու անարդարության հետ: Մեզ համար սա գոյութենական պայքար է»:
Ռոք խմբի վոկալիստը նշել է, որ թեպետ հարցազրույց է տվել գերմանական լրատվամիջոցին և չի արտահայտվել, սակայն խորհել է մի բանի մասին. «Ինչպե՞ս կզգային իսրայելացիները, եթե Գերմանիան երբեք չճանաչեր Հոլոքոստը և հենց հիմա սկսեր ռմբակոծել Իսրայելը: Դա այն է, ինչ մենք զգում ենք հիմա»,- ասել է Սերժ Թանկյանը:
Թանկյանը ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում է, պատերազմական հանցանք:
«Ես ցանկանում եմ, որ մարդիկ տեղյակ լինեն՝ մենք հրաշալի երիտասարդներ ունենք, որոնք կամավորագրվում են իրենց ընտանիքները պաշտպանելու համար: Անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել: Մենք աջակցության կարիք ունենք: Մարդկանց համար չափազանց կարևոր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը, որպեսզի նրանք իրավական պաշտպանություն ունենան միջազգային հանրության ու կազմակերպությունների կողմից»,- հավելել է աշխարհահռչակ երաժիշտը: