Լեռնային Ղարաբաղ այցից հետո ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը պատմել է իր ոչ հաճելի տպավորությունների մասին՝ ընդգծելով, որ Անդրկովկասում շարունակվող հակամարտությունը փաստացի համարվում է հետխորհրդային տարածքի վրա ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի զինված հարձակման առաջին օրինակը: Այս մասին գրում է EADaily-ն:
Միլոնովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ականատես է եղել թուրքական անօդաչուներին, «Իսլամական պետության» վարձկաններին, ադրբեջանցի զինվորներին, Ստեփանակերտի կենտրոնի ռմբակոծություններին, քանդված տներին, հուղարկավորություններին:
Վիտալի Միլոնովի հավաստմամբ՝ բնակչության 99%-ը հույս ունի, հավատում է, որ Ռուսաստանը կփրկի իրենց նոր ցեղասպանությունից, քանզի այն, ինչ անում է ադրբեջանական բանակը՝ պատերազմ չէ:
«Երբ բանակը պատերազմում է տեղի բնակչության հետ, ապա դա ազգի ամբողջական ոչնչացում է: Ընդհանուր առմամբ, դա 1915 թ. օսմանյան ագրեսիայի կրկնությունն է»,- հայտնել է Վիտալի Միլոնովը: