Արցախցիներին այս օրերին ոչ թե աքլորի կանչն է արթնացնում, այլ թշնամու կրակոցները: Բայց նույնիսկ այս իրականությունում առավոտվա թարմ հացը պիտի պատրաստեն: Ով հիմա սահմանին չէ, այստեղ է. օրը ամենաքիչը 1200 հաց են թխում:
Հասցնում են տնից տուն, ապաստարանից ապաստարան, դուռը բացող, փող առաջարկողի վրա էլ մի թեթև բարկանում են։
Էս գործից բացի՝ պահեստազորի սպան էլ ամեն օր դրսից ու Հայաստանի հայրենակիցների ուղարկած ապրանքները մուտքագրում, դնում, դասավորում է՝ պիտի մի բանով օգնի:
Իսրայելյան Սլավիկ (պահեստազորի սպա) - 60 տարեկան եմ, ղեկավարչական կազմը կանչել, ասել են, եթե հնարավորություն ունես, օգնիր, քանի որ սա իմ մասնագիտությունն է, 23 տարվա ստաժ ունեմ։
Այսօր նաև դիրքերից հյուրեր ունեն, հայրենիքի պաշտպանը զենքը դրել, եկել է՝ ընկերների օգնությունը տեղ հասցնի:
Հայրենիքը պաշտպանելու առաջադրանքը կատարողների համար գյուղից էլ ինչ հասցնում` ոգևորությունը չզսպելով հավաքում են։
Արմեն Մանգասարյան (Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ) - Վիտամին ա, էլի. մեր զինվորները, որ սրա կարիքն էլ չունենան, որ ուտեն, ու ամեն ինչից զատ` նաև միրգ ենք ուղարկում` տեղական արտադրության:
Ու նաև վստահեցնում են` Ասկերանի շրջանում խուճապ չկա: Զգույշ են: Զգուշավորության մեջ նաև գեղեցիկի ժամանակ են գտնում:
Հաղթելու ենք-ը այստեղ երազանք չէ, ապրելու պարտադրանքն է: Ապրելու համար այստեղ հակառակորդի կրակոցներից վնասները գույքագրելու հետ կյանքը շարունակում են, որ թիկունքն էլ ուժեղ լինի:
Վստահեցնում են` հայրենակիցների ուղարկածն էլ ստանում են, խնդրում են տեղեկատվական պատերազմի առաջնագծում զգոն լինել:
Պատերազմը 24 ժամ է՝ սահմանին թե նրանից կիլոմետրեր հեռու, և սրանք միայն բառեր չեն: Այս հացը սարքելու, զինվորին ուժ հասցնելու համար կրակոցների տակ գուցե շատերն են մնացել, բայց հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ, հիմա պետք է եղածը մի պահ մոռանալ, ուժերը կենտրոնացնել մի նպատակի` զինվորի վրա:
Հեղինակներ՝ Հայկ Նավասարդյան, Լիլիթ Հարությունյան