Մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում ՀՀ-ում Եվրոպական միության գրասենյակի շենքի առջև՝ կառույցի ուշադրությունը հրավիրելով Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների և կատարած հանցագործությունների վրա:
«Եկել ենք պահանջելու՝ չլռել, քանի որ մի ամբողջ տնտեսություն, կրթական համակարգ, մշակույթ են տուժում»,- ասաց նախաձեռնող խմբի անդամ Արմինե Մելքոնյանը:
Նա նշեց, որ միջազգային կառույցների կողմից պետք է գնահատականի հստակեցում լինի:
«Նամակներով խոսելու մշակույթը պետք է վերացնենք, պետք է խոսենք դեմ առ դեմ: Բերել ենք ադրբեջանցի զինվորների կողմից հայ զինծառայողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը փաստող տեսանյութեր: Սա պատերազմական հանցագործություն է, և կարևոր է՝ ի՛նչ են անում այդ կառույցներն ագրեսոր Ադրբեջանին զսպելու համար»,- ասաց Մելքոնյանը:
Նախաձեռնող երեք անդամի հրավիրեցին ԵՄ գրասենյալ՝ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպման: Նրանց թվում է նաև կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:
Մինչ հանդիպումն ընթանում է, ակտիվիստներն ընթերցեցին իրենց նամակը, որը կհանձնեն ԵՄ դեսպանին: Նամակում ներկայացնում են Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները և կոչ անում աշխարհին չանտեսել Արցախում տեղի ունեցող իրադարձությունները: Նշվում է, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը հրատապ է, քանի որ Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջև:
Նշենք, որ քաղաքացիները երեկ ակցիա էին իրականացրել նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի շենքի առջև: