1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի , 18-ի դեպքերի քրոնիկոնը:
Այս պահին մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է․ Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը 22:00-ին մեկնարկած ասուլիսի ընթացքում հայտնեց, որ այսօր վաղ առավոտյան մարտերը շարունակվել են, և հակառակորդը հյուսիսային ու հարավային ուղղությամբ փորձել է հարձակողական գործողություններ ծավալել, սակայն հյուսիսային ուղղությամբ մեկ-երկու գրոհներից հետո հետ է շպրտվել։ ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվել են, սակայն հիմնականում կողմերը դիրքային, զորաշարժերի փոփոխություններ գրեթե չեն ունեցել։ Այս պահին մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է՝ ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն այսօր խոցել են 5 թշնամական անօդաչու թռչող սարք
ԱՀ պաշտպանության բանակից հայտնում են, որ այսօր արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալված մարտերի արդյունքում ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են թշնամական 5 անօդաչու թռչող սարք:
Հակառակորդի հենակետերի և շարասյան ոչնչացումը
«Զինուժ մեդիայի» նոր տեսանյութը:
Մարտունիում հրթիռակոծության հետևանքով սպանվել է 65-ամյա բնակիչ. ԱՀ ՄԻՊ
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ճշտված տեղեկություններով՝ հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը, իսկ 42-ամյա Գևորգ Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ»,- ասված է ԱՀ ՄԻՊ գրասենյակի գրառման մեջ:
ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների
անուններ:
9 ԱԹՍ, 12 զրահատեխնիկա, 150 զոհ. հակառակորդի նոր կորուստները
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Ֆեյսբուքում՝ ժամը 13։40-ին, հրապարակել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները: Ըստ դրանց՝ խոցվել են ևս 9 ԱԹՍ, 12 զրահատեխնիկա, կա 150 զոհ:
Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունակվում են. ՀՀ ՊՆ խոսնակ
Յուրային ստորաբաժանումները «մաշում» են հակառակորդին՝ Ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Գիշերը հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը և Քաշաթաղի շրջանի չորս համայնք
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ, Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։ Մասնավորապես, հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։ Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։
ԱԹՍ-ների հարվածներից վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների վերջին օրերի հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։ Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել։ Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում. ԱՀ ՊՆ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից: «Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում են համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը»:
Ադրբեջանցի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել. ՄԻՊ-ը ահազանգ է ստացել
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվեց ահազանգ այն մասին, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: ՄԻՊ-ը
ներկայացրել է անհապաղ նախաձեռնված վարույթով պարզված տվյալները: