Մեկ ամիս առաջ բարբարոսի ձեռքը բարձրացավ Հիսուս Քրիստոսի արձանի վրա: Վանդալները մուտք էին գործել Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու տարածք և կոտրել փրկչի տուֆակերտ արձանի գլուխն ու ձեռքերը: Քանդակի հեղինակները խոստացել էին կարճ ժամանակում վերականգնել խոշտանգված անդրին: Մեկ ամիս անց այն կրկին ամբողջական է:
Նորոգված անդրին կդիմանա ցանկացած ցնցման՝ վստահեցնում է վերականգնող վարպետը, միայն թե վանդալները նորից չար կատակ չանեն: Իսկ որպեսզի պատմությունը չկրկնվի, Մեծամորի բնակիչները տարածքում տեսանկարահանող սարք կտեղադրեն:
Տարածքում պահակներ չկան, լուսավորությունն էլ մինչև գիշերվա ժամը 01:00-ն է:
Վանդալիզմը, բնակիչների համոզմամբ, տեղի է ունեցել դրանից հետո: Գիշերային ժամերին չարագործների մուտքը եկեղեցու տարածք կանխելու նպատակով Մեծամորի քաղաքապետարանը միջոցներ կձեռնարկի:
Մեծամորում կանգնեցված աստվածորդու արձանը միակն է Հայաստանում: Դեպքերի զուգադիպությա՞մբ, թե՞ պատահականությամբ բարբարոսն իր սև գործն արել էր պատերազմից մեկ շաբաթ առաջ:
Արձանի պղծման դեպքի փաստով ոստիկանության Մեծամորի բաժնում նյութեր են նախապատրաստվել: Հետաքննությունն ընթացքի մեջ է: