Արդեն երկրորդ, այս անգամ էլ Ֆրանսիայի առաջարկով ձեռք բերված հումանիտար զինադադարի պայմանավորվածությունն Ադրբեջանը կրկին խախտեց։ Երեկոյան 20։30-ի դրությամբ հայկական կողմը խոցել է հակառակորդի 9 ԱԹՍ, որից երկուսը՝ Հայաստանի տարածքում։ Առաջնագծում մարտական գործողությունները շարունակվում են, թեժ է հարավային ուղղությունը։
Արծրուն Հովհաննիսյանն արձանագրում է՝ գերիներին, նաև զոհերի դիերի փոխանակման համար հայտարարված հրադադարը հակառակորդը ոչ մի ուղղությամբ չի պահպանել։ Հոկտեմբերի 18-ին՝ կեսգիշերից րոպներ անց, նախ հյուսիսային ուղղությամբ է հարձակման անցել, հետ շպրտվել, նույն ժամանակ էլ հարավային թևում՝ երկու գծով է փորձել գրոհել։
Համառ մարտերը շարունակվել են նաև առավոտյան, Հովհաննիսյանը չի հերքում՝ թշնամին որոշակի տեղաշարժ ունի, բայց թե որ մասով, ինչ առաջընթաց կամ փոփոխություն կա՝ չի մանրամասնում։ Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը նորից է հիշեցնում՝ նման ուժգնությամբ ու կրակային խտությամբ պատերազմում առանձին, նաև հորինված կամ իրական տեղանքից խոսելն ու դրանցով առաջնորդվելն ակտուալ չէ։
Այն, որ պատերազմը հաղթանակով է ավարտվելու, և տղաներն էլ ամուր կանգնած են դիրքերում, փաստում է նաև ռազմաճակատից նոր վերադարձած Արկադի Անդրեասյանը։ 2014-ի հուլիս-օգոստոստին սահմանին ականապայթյունից զինհաշմանդամ դարձած երիտասարդն այս անգամ Արցախի հյուսիսում է եղել, տեսել, թե ինչպես են 18-20 տարեկան ժամկետայինները վստահ ոչնչացնում հակառակորդի ուժերն ու զինտեխնիկան։
Անդրեասյանն ասում է՝ օր առաջ առաջնագիծ վերադառնալուն, ընկերների կողքին լինելուն են սպասում նաև բուժում ստացող վիրավոր զինծառայողները։ Երկարատև խաղաղություն ենք պարտադրելու թշնամուն՝ վստահեցնում է երիտասարդ կամավորը։