Հումանիտար հրադադար հաստատելու երկրորդ փորձը ձախողած Ադրբեջանը հարավային ուղղությամբ ձեռնարկել էր տանկերով հարձակում։ Հոկտեմբերի 18-ին, օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար, հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակով ու հոգեբանորեն ճնշել սահման պահող հայ զինվորին՝ ճեղքել, անցնել սահմանի կարևոր հատվածում։ Առաջնագծում հերթական հերոսական դրվագը հենց երեկ է եղել։ Գնդապետներ Ստեփան Գևորգյանը, Ստանիսլավ Երյոմինն ու հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանը վարպետորեն խափանվել են հարձակումն ու ադրբեջանական զինուժին հետ շպրտել մի քանի կիլոմետր։
Մերօրյա հերոսների շարքերում ամեն օր նոր անուններ են ավելանում: Կոլեկտիվ հաղթանակի հերթական փայլուն օրինակ են ցուցադրել Պաշտպանության բանակի զինծառայողները։ Աշխարհազորայինների հետ տղաները ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժը, զենք-զինամթերքը, սպառազինությունը, գրավել են հակառակորդի դիրքը, ականապատել այն և բարեհաջող դուրս եկել տարածքից: Մարտական գործողությունը հաջողությամբ կատարելու համար արիության մեդալով են պարգևատրվելու մայոր Հովիկ Միրզոյանը, կապիտաններ Արմեն Անդրյանը, Շանթ Հայրապետյանը, Դավիթ Հայրապետյանը, Կորյուն Սողոմոնյանը, ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը, շարքայիններ Սամվել Իսախանյանը, Ալիկ Շավերշյանը, Սուրեն Խաչատրյանը, Նորիկ Խաչատրյանը, կրտսեր սերժանտներ Կարեն Պետրոսյանը, Անդրանիկ Արամյանն ու Ալբերտ Ֆարմանյանը, աշխարհազորայիններ Թելման Գաբրիելյանը, Սեյրան Ավագիմյանը, Վարուժան Մանասյանը, Էրիկ Աղաջանյանը և պահեստազորի գնդապետ Մանվել Գրիգորյանը։
Ոչ պակաս արիությամբ են աչքի ընկնում ՊԲ հակաօդայինները: Կրտսեր սերժանտներ Արամ Աբաղյանն ու Ռոբերտ Սիմոնյանը, շարքային-պայմանագրային Տիգրան Բաղդասարյանը, շարքից հանելով թշնամական 4 ԱԹՍ, ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների: