ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նամակ է գրել՝ ուղղված Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին:
Նամակում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ Անն Իդալգո,
Ընթերցեցի Nouvelles d'Arménie-ում հրապարակված Ձեր հարցազրույցը, որում ասում եք, որ «եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Ղարաբաղի ճանաչումն է, պետք չէ երկմտել... Ես անձամբ կողմ եմ ինքնորոշմանը. պետք է սատարել Հայաստանին այս փորձության և պայքարի մեջ»:
Անչափ շնորհակալ եմ Ձեր այս խիզախ ու միանշանակ դիրքորոշման համար:
Սիրելի՛ Անն Իդալգո,
Արդեն 23-րդ օրն է՝ իմ հայրենակիցները անհավասար ուժերի պայքարում դիմադրում են Ադրբեջանին, որին թե՛ քաղաքական, թե՛ ռազմական դաշտում աջակցում է Թուրքիան: Նրանք մեր զինվորների՝ հայրենիքի պաշտպանների առաջ կանգնեցնում են ոչ միայն իրենց զինվորականներին, այլև վարձկան ահաբեկիչներին Սիրիայից, Աֆղանստանից, Պակիստանից ու Լիբիայից:
Արցախում ու Հայաստանում հրետակոծվում են քաղաքներ և գյուղեր, քաղաքացիականներ ու երեխաներ են սպանվում, օգտագործվում են արգելված զինատեսակներ, թշնամիներն անմարդկային վերաբերմունք են դրսևորում ռազմագերիների հանդեպ՝ գլխատելով ու մեր երկրի դրոշի մեջ փաթաթած գնդակահարելով նրանց: Այս ամենը նկարահանվում է ու ուղարկվում գերիների հարազատներին:
Մարդկային խիղճը վրդովեցնող, տակնուվրա անող այս բարբարոսություններն օր առաջ պետք է կանգնեցնել:
Ռազմական գործողություններին վերջ տալու համար կա միայն մեկ միջոց, այն է` Արցախի միջազգային ճանաչումը հանուն փրկության: Հակառակ դեպքում հայերը կենթարկվեն էթնիկական զտումների, ինչպես դա եղավ 105 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության ժամանակ:
Ուրեմն դիմում եմ Ձեզ այս պահին ամբողջ հայության ամենանվիրական խնդրանքով՝ օր առաջ նախաձեռնեք Արցախի Հանրապետության ճանաչման գործընթաց Փարիզի քաղաքային խորհրդի կողմից:
Վստահ եմ, որ ձեր այս քայլը շղթայական ազդեցություն կունենա և իր հետևից կբերի նոր նախաձեռնություններ ու մարդկանց, որոնց մենք ընդմիշտ երախտապարտ կլինենք: Ֆրանսիան ու Ֆրանսիայի ժողովուրդը մի՛շտ են ձեռք մեկնել հայերին, մեր ժողովուրդները մի՛շտ են առանձնահատուկ ջերմությամբ ու սիրով բարեկամություն արել:
Ուրեմն, խնդրում եմ, գործեք հիմա՛, գործե՛ք անհապաղ՝ հանո՛ւն ազատության, հանո՛ւն մեր եղբայրության, հանո՛ւն արդարության, հանո՛ւն Հայաստանի և Ֆրանսիայի անքակտելի բարեկամության:
Ջերմորեն՝
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյան»: