ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել բանաձև, որով կոչ է արվում Թուրքիային բացառել ՆԱՏՕ-ից: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), բանաձևի նախագիծն առաջարկել է Կոնգրեսի ստորին պալատի անդամ Թուլսի Գաբարդը ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից:
Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիան բացահայտ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում, որոնցում Անկարան ներգրավել է «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների զինյալներին, ինչպես նաև կիրառվում են թուրքական F-16 կործանիչներ:
Ըստ կոնգրեսականի` դա հակասում է ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը: «Եվ դա այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները և հարցը լուծել բանակցությունների միջոցով»,- շեշտում է օրենսդրական նախաձեռնության հեղինակը:
Գաբարդն իր գործընկերների ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ Կանադան նախկինում որոշել էր դադարեցնել զենքի մատակարարումը Թուրքիային՝ հաշվի առնելով դրանց հնարավոր օգտագործումը Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում: