«Ինչու է լռում ՄԱԿ-ը» վանկարկումներով մեծ թվով մարդիկ կեսօրին Մատենադարանի դիմաց խաղաղ ցույց սկսեցին: Պատերազմի 23-րդ օրը որոշել են անձամբ դիմել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ:
Լուսինե Հակոբյան («Իրավունքի Եվրոպա միովորում» ՀԿ նախագահ) - Տեսնում ենք չեզոքություն, տեսնում ենք, որ այստեղի կառույցների ներկայացուցիչները ակտիվություն չեն ցուցաբերում, չեն այցելում այն վայրերը, որոնք հրթիռակոծվում են, և չեն հավաքում փաստերը, և, ըստ էության, դա է պատճառներից մեկը, որ անհամաչափ արձագանք կա:
Ցուցարարներին բարկացրել է այն հանգամանքը, որ Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչն այցելել է Գանձակ, իսկ նույն կառույցի հայաստանյան ներկայացուցիչը 3 շաբաթվա մեջ 1 օր Արցախ կամ, օրինակ, Վարդենիս չի այցելել:
Լուսինե Հակոբյան - Էս սպանող լռությունը, որը սպանում է նաև մեր ժողովրդին... Մենք ուզում ենք, որ մեր ակցիայով բեկում մտնի, և ավելի միանշանակ գնահատականներ լսենք ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող, Թուրքիան դատապարտող, պատժամիջոցներ ենք ուզում:
Պահանջները հստակ են՝ մարդիկ չեն ուզում պատերազմ, չեն ընդունում անտարբերությունը և պահանջում են չլռել:
- Պահանջում ենք զինադադար:
- Հանրությանը ներկայացնեն իրավիճակը, որ թուրքերը կոտորում են հայերին, 15 թվականի կոտորածը նորից իրագործում են և պատժեն չարագործներին:
- Ակցիա ենք անում, որ իրանք էլ արձագանքեն էս պատերազմին, որովհետև սա շատ վատ ա անդրադառնում Հայաստանի վրա: Մենք պատերազմ չենք ուզում, մենք խաղաղություն ենք ուզում:
Ցուցարարները Մատենադարանի դիմացից ճամփա ընկան դեպի ՄԱԿ-ի գրասենյակ:
Միևնույն պահին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մեկ այլ ակցիա էր, որն արդեն Արցախից Երևան եկած կանայք ու երեխաներն էին իրականացնում:
Տուն ու տեղը ժամանակավոր լքած արցախցիներն էլ պահանջում են հարգել իրենց ձայնի ու որոշման իրավունքը՝ ուզում են ապրել ազատ և անկախ Արցախում:
- Ոչ մեկը չի ցրվում, բոլորս մնալու ենք այստեղ մինչև վերջ:
- Միջազգային կառույց է, իրենց գործը ո՞րն է, էսօրվա դրությամբ իրենք պիտի դուրս գան, պատասխան տան:
Մարդկանց բազմությունը կրկնապատկվեց, երբ երկու խումբը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց միավորվեց:
Մատենադարանի դիմացից քայլերթով ժամանած խումբը նամակ էր բերել, բայց ցանկանում են հանձնել անձամբ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին: Կառույցից հայտնել են՝ ցուցարաների հետ հանդիպումը ժամը 5-ին է նախատեսվել:
- Մենք չենք փոխանցել նամակը և սպասում ենք մինչև ժամը 5-ը: Կմոտենա հանձնակատարը, և մենք առձեռն կփոխանցենք նամակը, որը մենք բերել ենք մեզ հետ:
Քաղաքում բողոքի ակցիաների շարքն այսքանով չէր ավարտվել: Մտահոգ քաղաքացիների մեկ այլ խումբ էլ Հայաստանում՝ Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ էին հավաքվել: ԱՄՆ-ը չպետք է լռի՝ նախ և առաջ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:
Անահիտ Բախշյան (Կրթության ոլորտի փորձագետ, ցույցի մասնակից) - Ինչպե՞ս կարելի է ագրեսորին և պաշտպանվողին բերել, իրար կողք դնել և հայտարարություններ անել երկուսին հավասարապես: Մենք ուզում ենք ԱՄՆ-ից պահանջել, որ ճանաչի Արցախի անկախությունը, պետականություն ունենա Արցախը, և Հայաստանի քայլերը լրիվ այլ կլինեն:
Քաղաքացիները դժգոհում են նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Արցախի դեմ կռվում է ամերիկյան զենքերով:
- Մենք ԱՄՆ դեսպանատնից պահանջում ենք, որ դադարեցնի զենքի վաճառքը Թուրքիային, պահանջում ենք, որ դեսպանն այցելի Շուշի ու տեսնի եկեղեցին, և թե ինչպես է ավերվում մշակույթը:
Բողոքի ակցիաների բոլոր մասնակիցներն են պնդում՝ միջազգային հանրությունն ու կառույցները պետք է բացեն աչքերը և չանտեսեն ահաբեկչական գործողություններն ու մարդկության դեմ հանցագործությունները: