Հակառակորդը, անտեսելով հրադադարի մասին երկրորդ պայմանավորվածությունը, շարունակում է հատկապես հարավային ուղղությամբ բավական ակտիվ գրոհներ: Տալիս է բազմաթիվ զոհեր, ունի տեխնիկայի մեծ կորուստներ, հարյուրավոր վիրավորներ,- «Լուրեր»-ին տված հարցազրույցում տեղեկացրեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով՝ ՊԲ-ն կամավորների հետ ետ է մղում գրոհները: «Կանգնած ենք մեր դիրքերում, մինչև վերջ կանգնելու ենք»,- ասաց նա:
Բաբայանի խոսքով՝ եթե ժողովուրդը պահպանի իր անկոտրում հավատքը, նաև ապագայում կգրանցենք այնպիսի հաղթանակներ, որոնց մասին չենք էլ մտածել:
Նա տեղեկացրել է, որ Արցախում քաղաքացիները պահպանում են քաղաքացիական պաշտպանության անվտանգության կանոնները: «Մարդիկ հասկանում են, թե ինչպիսի ծանր վիճակ է, բայց նաև՝ ինչ առաքելություն պետք է իրականացնենք: Սրանից կախված է շատ բան՝ անվտանգությունը, մարդկանց կյանքերը: Բոլորս պարտավոր ենք պահպանել անվտանգության կանոնները»,- նշեց նա: