Զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական լայնածավալ գործողությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերի մասով տեղեկություններ:
Դեռևս հուլիսին ադրբեջանական կողմից լայնածավալ հարձակում էր ծավալվել ՀՀ շփման գծի՝ Տավուշի մարզին հարող տարածքներոմ, որի ընթացքում հրետակոծվել էին մարզի շուրջ 8 բնակավայրեր: Դեռևս այդ ժամանակներից են հարուցվել քրեական գործեր՝ նշեց ավագ դատախազը:
«Հարուցել ենք քրեական գործ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, վարելու և զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ թույլ տալու փաստով»,- նշեց Մարտիրոսյանը:
Սեպտեմբերի 27-ից սանձազերծված և մինչ օրս ընթացող պատերազմի մասով կրկին հարուցվել են քրեական գործեր ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, վարելու և զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ թույլ տալու, վարձկանների հավաքագրման և օգտագործման փաստով:
«Դրանից շուրջ երկու օր անց ադրբեջանական կողմը հարձակում է գործել և թիրախավորել ՀՀ տարածքը՝ Գեղարքունիքի, հետագայում նաև Սյունիքի մարզի տարածքները: Գրոհների թիրախ է դարձել խաղաղ բնակչությունը, ինչը ոչ միայն ներպետական, այլև միջազգային իրավունքով է անթույլատրելի»,- նշեց ավագ դատախազը:
Մարտիրոսյանի խոսքով՝ տվյալներ կան, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը վարձկաններին ստիպել են Հորադիզի շրջանում ակտիվորեն ռազմական գործողություններ ձեռնարկել և իրականությունը թաքցնելու համար էլ ստիպել են ադրբեջանական զինվորական համազգեստ կրել: