«Հիմք ընդունելով միջազգային մամուլի, տարբեր պետությունների հնչեցրած ուղերձները և խոսքերը, որոնք առնչվում էին Թուրքիայի ներգրավվածությանը, դիմում-խնդրանք ենք ներկայացրել ՄԻԵԴ, որպեսզի միջանկյալ միջոց կիրառվի ու կանխվի այդ երկրի ուղղակի կամ անուղղակի միջամտությունը»,- տեղեկացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ ներկայացվել են միջամտությունները հիմնավորող փաստարկներ և ապացույցներ, որոնք հաստատվեցին հոկտեմեբրի 6-ին, երբ Թուրքիայի նկատմամբ կիրառվեց միջանկյալ միջոց:
«Երեկ կրկին դիմել ենք Եվրոպական դատարան՝ հաշվի առնելով վերջին օրերի զարգացումները՝ հրապարակված տարբեր տեսանյութերը: Դրանցում հստակ երևում են ռազմագերիների կամ հայկական կողմի դիակների նկատմամբ հակառակորդի վատ վերաբերմունքի դրվագներ: Դրանք սարսափելի են, մարդու իրավունքների տեսանկյունից՝ անընդունելի: Մենք դիմել ենք Եվրոպական դատարան՝ կիրառված միջանկյալ միջոցի շրջանակներն ընդլայնելու խնդրանքով, որպեսզի վերաբերվի ոչ միայն քաղաքացիական բնակչության օբյեկտների թիրախավորմանը, այլ նաև ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների ու քաղաքացիական բնակիչների անվտանգության ապահովմանը: Պատասխանն ակնկալում ենք առաջիկա օրերին»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:
Հիշեցրեց, որ Հայաստանը սեպտեմբերի 27-ին ՄԻԵԴ էր դիմել նաև Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու համար, և որոշումը Եվրոպական դատարանին ստացվել է սեպտեմբերի 29-ին: