«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը կոչ է արել ամուր պահել ռազմական ու բժշկական ճակատները:
«Սիրելի հայրենակիցներ,
մեր հայրենիքի համար վճռական այս օրերին, երբ մեր զինվորներն իրենց կյանքն են զոհաբերում հանուն հայրենի հողի և մեր լինելիության, մենք պարզապես իրավունք չունենք թուլացնելու մեր երկրորդ կարևոր ճակատը՝ առողջապահականը:
Խնդրում եմ, թույլ տվեք ասել նաև՝ պահանջում եմ, խստորեն պահպանեք հակահամաճարակային կանոնները, գնահատեք Ձեր պատասխանատվության աստիճանն այս հարցում՝ ընդունելով, որ վիրավորներով գերծանրաբեռնված բժշկական կենտրոններում մեկ մահճակալ, մեկ թթվածնային սարք զբաղեցնելն այս օրերին ոչ միայն անցանկալի, այլև պարզապես անթույլատրելի է:
Թույլ տվեք բժիշկներին կենտրոնանալ առավելապես մեր քաջարի զավակների կյանքերը փրկելու, նրանց առողջությունը վերականգնելու անգնահատելի գործին:
Կրկնում եմ, զգացեք յուրաքանչյուրիդ պատասխանատվությունը՝ կորոնավիրուսային չարաբաստիկ վարակի տարածումը կանխարգելելու գործում, պահեք սոցիալական հեռավորություն, կրեք դիմակ, հաճախակի ախտահանեք ձեռքերը և պահանջեք նույնը ձեր կողքիններից:
Այսօր մեր վարքագիծն առավել քան կարևոր է՝ չթուլացնելու, հաղթանակած պահելու մեր ռազմական ու բժշկական ճակատները»,- ասված է Բաբլոյանի կոչ-հայտարարության մեջ: