Հայկական կողմի համար հաղթանակը նշանակում է պահպանել իրենց տունը. այսպես է վերնագրել նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը ռուսական «Կոմերսանտ» պարբերականը: Ռուսական լրատվամիջոցին նախագահը նախ հայտնում է, որ նույնիսկ Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանը մարդասիրական հրադադարի խոստումը չպահեց, Արցախի ռմբակոծումը շարունակվում: Բայց սա նախագահը դեռ ձախողում չի համարում, ստորագրված փաստաթուղթ կա, որը հնարավոր է կիրառել, եթե լինի կողմերի ցանկությունը: Առավել ևս, երբ նախագահը տեղեկացնում է, որ Ռուսաստանի նախագահն էլ հեռախոսազանգերով «հեռակա կարգով» մասնակցել է բանակցություններին:
Այն փաստը, որ 26 տարվա ընթացքում քիչ թե շատ մեծ պատերազմներ չեն եղել, ևս Ռուսաստանի վաստակն է։ 26 տարի շարունակ մարդիկ խաղաղ կառուցել են իրենց կյանքը և երազել, որ հարցը կլուծվի բանակցությունների միջոցով, կգա մի օր, երբ կողմերը կհամաձայնեցնեն Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, և կսկսվի հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ղարաբաղյան խնդրի լուծման գործում խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա: Եթե նույնիսկ Ադրբեջանին հաջողվի պատերազմի ինչ-որ պահի հաջողություն ունենալ կամ տարածքներ գրավել, միևնույն է, այդքանով այս ամենը չի ավարտվի: Մտքերի, պատմությունների, մարդկային հույզերի պատերազմները կշարունակվեն: Հայաստանում մարդիկ կմտածեն, որ սա հերթական ցեղասպանությունն է: Պատերազմը չի ավարտվի: Այսպիսով, կա միայն մեկ ճանապարհ՝ երբ բոլոր կողմերը պայմանավորվեն, թե ինչպես շարունակել ապրել:
Թուրքիան ոչ թե միջնորդ է, այլ բացահայտ օգնում է Ադրբեջանին, ամեն օր հայկական սարերի վրա թուրքական ԱԹՍ-ներ են թռչում,- ասում է նախագահ Սարգսյանը: Սա ցույց է տալիս, որ ադրբեջանա-թուրքական կողմի նպատակը, ակնհայտորեն, միայն Ղարաբաղը գրավելը չէ:
Կարիք չկա ձեւացնել և ասել, թե իբր «մենք այստեղ ենք՝ ադրբեջանցիներին պաշտպանելու համար»: Թուրքիան այնտեղ է, քանի որ ուզում է կառավարել այդ խողովակաշարերը: Եվ որքան հակամարտությունը երկար ձգվի, այնքան խոր կլինի Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում: Եվ դա կփոխի ամբողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը: Թուրքիան կդառնա Ռուսաստանի հարևանը, որի հետ, ըստ էության, կունենա ցամաքային սահման: Այդպես Թուրքիան կկառավարի դեպի Եվրոպա ձգվող նավթատարներն ու գազատարները, կունենա հսկայական ազդեցություն Եվրոպայի էներգետիկ անվտանգության վրա: Այսինքն՝ եթե Թուրքիան նախկինում եղել է գազի ու նավթի սպառող, այդ ժամանակ կդառնա կառավարող։
Նախագահը նաև հիշեցնում է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը տեղի է ունենում Իրանի հետ սահմանին, և նրանք էլ լուրջ մտահոգվելու առիթ ունեն։ Իսկ թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Կենտրոնական Ասիայի և թե՛ Հայաստանի համար ամենատհաճը իսլամիստ ահաբեկիչների ներկայությունն է։ Արդյոք Իրանին հաճելի կլինի՞ իր հյուսիսում տեսնել ահաբեկիչների։ Թե՞ կարծում եք, երբ այս ամենն ավարտվի, ահաբեկիչները կհավաքեն ճամպրուկներն ու ինչ-որ տեղ կհեռանան։ Իսկ գուցե մնան ու անկայունություն առաջացնելու մեկ ա՞յլ հանձնարարություն ստանան, որ կլինի Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության մասը:
Թուրքիան գրավում է Իրաքի մի մասը, իսկ ո՞ւր մնաց Իրաքի տարածքային ամբողջականությունը: Թուրքիան գրավում է Սիրիայի մի մասը, իսկ ի՞նչ կասեք Սիրիայի տարածքային ամբողջականության մասին: Թուրքիան մեծ ակտիվություն է ցուցաբերում Հունաստանին պատկանող Միջերկրական ծովի հատվածում նավթահորերի շահագործման գործում: Նույնը անում է Կիպրոսում: Թուրքիան, ըստ էության, գրավեց Կիպրոսի կեսը: Ոչ ոք այն չճանաչեց: Երբ նրանք խոսում են չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին, իսկ ի՞նչ կասեն Կիպրոսի թուրքական մասի մասին, այն ճանաչվա՞ծ է: Ինչո՞ւ է այնտեղ գտնվում թուրքական բանակը: Այնպես որ, ասել, որ սա զուտ Ղարաբաղյան հակամարտություն է՝ իրական խնդրի պարզունակացում է:
Թեև Իրանի զգուշավորությունն էլ նախագահի համար օբյեկտիվ է, բայց Թեհրանը կարող է խոսել թուրք-ադրբեջանական կողմերի հետ, որ դադարեցնեն ռազմական գործողություններն ու բռնեն խաղաղ բանակցությունների ճանապարհը։
Մեկ այլ ռիսկ է տեսնում նախագահը, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան Ադրբեջանում է:
Հարց՝ ՆԱՏՕ-ն Թուրքիայի առաջ կանաչ լույս վառե՞լ է դրա համար: ՆԱՏՕ-ի կանոնադրությունը թույլ տալի՞ս է դաշինքի անդամներին՝ օգտագործել դաշինքին պատկանող կամ երրորդ երկրներում ՆԱՏՕ-ի օժանդակությամբ ստեղծված զենքեր և տեխնոլոգիաներ, ներգրավել ՆԱՏՕ-ի շրջանակում վերապատրաստված մարդկանց։ Եթե խոսում ենք F-16-ի մասին, ապա առաջին փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՆԱՏՕ: Մենք պետք է պարզաբանում ստանանք, թե արդյոք դաշինքի ղեկավարությունը Թուրքիային կանաչ լույս ցույց տվե՞լ է, որ նա անի այն, ինչ հիմա է անում: Խոսքը միայն F-16-ի մասին չէ: Թուրքական արտադրության Bayraktar ԱԹՍ-ները ամեն օր ինտենսիվորեն օգտագործվում են ոչ միայն ռազմաճակատում, այլ նաև խաղաղ բնակիչների դեմ: Այդ ԱԹՍ-ները ՆԱՏՕ-ի արտադրանք են, քանի որ դրանց առանձին բաղադրիչները ստեղծվել են ՆԱՏՕ-ի տարբեր երկրներում՝ Ավստրիայից մինչև Կանադա:
Մինչ միջազգային հանրությանն այս հարցադրումներն ենք ուղղում, նախագահ Սարգսյանը վստահ է, որ այս դժվարին պատերազմում Արցախն ամեն դեպքում կհաղթի, քանի որ այնտեղ պարզապես զինվորներ չեն կռվում, մարդիկ կրկին պաշտպանում են իրենց տունը։