12-ից 220 վոլտ ստանալու սարքեր: 300 հատ արդեն պատրաստ է: Միտքը միանգամից եկավ՝ օգտագործել հնարավոր միջոցները՝ ստեղծել օգտակար արտադրանք: Արձագանքը չուշացավ: Համախմբվեցին, միանգամից գործի անցան:
Արծրուն Հովհաննիսյան (ՀՀ ՊՆ ներկայացուցիչ) - 12 վոլտից 220 վոլտի փոխարկիչ են սարքում, որը դաշտային պայմաններում, հասկանում եք, տարբեր տեսակների ռացիաների, կապի միջոցների, գիշերային համակարգերի վերալիցքավորումը շատ կարևոր է:
Աշխատանքը սկսեցին երեքով, մեկ ժամ անց ձևավորվեց մասնագետների բանակ: Կամավորների խումբը հավաքում է ցանկացած սնուցման սարք, առավել հայտնի յուպիէսները, տեղում ձևափոխում, ստանում նոր փոխարկիչ՝ հասանելի բոլոր սարքերի համար:
Կարեն Դերձյան (նախաձեռնող խմբի անդամ) - Այս սարքերով ցանկացած պայմանում հնարավոր է ցանկացած մարտկոցով ունենալ 220 վոլտ հոսանք, որով կկարողանան ցանկացած բան լիցքավորել և օգտագործել:
Աշխատանքային խմբեր ունեն Երևանի և մարզերի տարբեր վայրերում: Լինի անհատ, պետական թե մասնավոր կառույց, բոլորից ընդունում են սնուցման ցանկացած սարքավորում: Տեղում ձևափոխում են ըստ նպատակի: Մեկը մալուխ է բերում, մյուսը՝ այլ սարքեր, հավաքում են, օգտագործում ըստ անհրաժեշտության: Կամավորների պակաս էլ չկա՝ անկախ սեռից, տարիքից: Զոդում են, ձուլում՝ աշխատում հերթափոխով:
Աշխատանքն իրականացնում են 4 փուլով՝ ձևավորել են առանձին բաժիններ՝ ընդունում են սարքերը, հետո տեղափոխում զոդման, հաջորդ բաժնում սարքերը բերվում են վերջնական տեսքի:
Կարճ ժամանակում մի քանի հազար միավոր սարք արդեն պատրաստել են: Մոտ 5000 սարք դեռ պետք է պատրաստվի:
Արծրուն Հովհաննիսյան - էսօր հասկանում ենք, որ զորքերի ձեռքին շատ էլեկտրական սարքավորումներ կան տարբեր վոլտաժներով, դրանք պետք է ստանդարտացվեն:
Կամավորների խումբը կոչ է անում՝ տանը թե աշխատանքի վայրում, ովքեր սնուցման սարքեր ունեն, բերել: Խումբը ստեղծում է նոր փոխարկիչ՝ առաջնագծի համար: Ամեն ինչ սահմանի և զինվորի համար է: