1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի դեպքերի քրոնիկոնը:
Մարտական գործողությունները շարունակվում են․ Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանը 22։00-ին մեկնարկած ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ օրվա ընթացքում Ադրբեջանը նորից կիրառել է օդային հարձակման տարբեր միջոցներ, այդ թվում՝ ԱԹՍ-ներ։ Տեղեկացրեց, որ այսօր 20։30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից 2-ը՝ ՀՀ տարածքում։ Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, թեժ է հարավային ուղղությունը։
Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի պայմանը․ Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ դեռ վաղ առավոտից մարտական գործողությունները շարունակվել են նույն ուղղություններով։ Սկզբում հյուսիսային կողմում հերթական անգամ հարձակման փորձ են կատարել և ջախջախվել ու հետ շպրտվել՝ որևէ նշանակալի հաջողություն չունենալով։ Նրա խոսքով՝ նույն ժամանակ հարավային ուղղությամբ օպերացիոն ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակողական գործողություններ ծավալել։ «Մեկ ուղղությամբ հստակորեն ընկնելով հայկական զինված ուժերի հրետանու հուժկու կրակի տակ՝ փախուստի են դիմել՝ կրելով զգալի թվով տեխնիկայի և մեծաքանակ զինամթերքի կորուստներ։ Այլ ուղղությամբ շարունակել են հարձակողական մարտերը և համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժեր ունեն»,- ասաց Հովհաննիսյանը։
ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների նոր անուններ
ԱՀ ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները:
Խախտվել և խախտվում է շուրջ 33 հազար մարդու կրթության իրավունքը. ԱՀ ԿԳՄ նախարարությունն ահազանգում է
Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ ահազանգելով, որ քսան օր շարունակ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի ընթացքում միջազգային նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծվում են Արցախի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները։ «Առ այսօր թիրախավորվել ու ավերվել են 18 դպրոցական շենք, 6 մանկապարտեզ, չորս մշակութային օջախ։ Թշնամու գերճշգրիտ կրկնակի հարվածից ավերվել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը։ Թուրք-ադրբեջանական ահաբեկչության ու կատաղի ագրեսիայի պատճառով խախտվել և խախտվում է շուրջ 33 հազար մարդու կրթության իրավունք։ 24 հազար աշակերտ դպրոց չի հաճախում, 4016 երեխա՝ մանկապարտեզ, 4986 ուսանող՝ արհեստագործական ուսումնարան, քոլեջ և բարձրագույն ուսումնական հաստատություն։ Խոր ցավով և կսկիծով ենք նշում, որ ունենք նաև զոհված ուսանողներ»,- ասված է հայտարարությունում։
ՊԲ-ն հրապարակել է զոհված ևս 40 զինծառայողի անուն
ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները։
Եթե հակառակորդը չեղյալ հայտարարի զինադադարը, հաջորդ փուլում համանախագահող երկրները այլ կերպ են վերականգնելու այն. Բաբայան
ԱՀ նախագահի խորհրդականն առավոտյան ասուլիսի ընթացքում նշել է, որ Արցախը դրական է գնահատում միջազգային հանրության ջանքերը՝ հրադադարի վերականգնման և պատերազմի դադարեցման ուղղությամբ: «Եթե հակառակորդը չհարգի միջազգային հարության ջանքերը և չեղյալ հայտարարի հրադադարը, ապա հաջորդ փուլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները լրիվ այլ կերպ են վերականգնելու զինադադարը: Եթե միջազգային կառույցների արձագանքը ժամանակին լիներ, գուցե ունենայինք այլ իրավիճակ»,- ընդգծել է Բաբայանը:
Հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի 4 տանկ են խոցել
Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նշելով․ «Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային թևում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ»։
Առավոտյան ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ հարձակման է անցել. ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ուղղությամբ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև հրթիռահրետանային հարվածներ:Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: