Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեի խոսքով՝ իրենք Արցախ են եկել՝ սեփական աչքերով տեսնելու, թե ի՛նչ է կատարվում իրականում։
«Մենք եղել ենք Շուշիում ու տեսել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ եկեղեցիների վրա է հարձակվել։ Այսօր մեր աչքերով ենք տեսել, որ խաղաղ բնակավայրերի շենքերը ռմբակոծել են, ու այդ տարածքում ռազմական նշանակության շենքեր չեն եղել։ Մենք հաստատել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակվել է Արցախի խաղաղ բնակչության վրա, ու դա մեծ հանցագործություն է մարդկության դեմ: Կոչ ենք անում աշխարհի խորհրդարաններին այլևս միայն չխոսել, այլ սկսել գործողություններ անել»,- ասաց պատգամավորը՝ մանրամասնելով՝ պետք է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել, որպեսզի պատերազմը շուտ վերջանա։
Բունդեսթագի պատգամավորը նշեց, որ իրենց առաքելությունն է՝ տեսնել Արցախում կատարվածն ու այնուհետև Գերմանիայի ժողովրդին ներկայացնել իրականում կատարվողը: