Տավուշի սահմանից՝ պատերազմող Արցախ... Բագրատ Սրբազանը մի քանի օր է՝ ինչ եկել է: Առաջնագիծ՝ զինվորների մոտ գնալուց հետո՝ Շուշիի խոցված Ամենափրկիչում Խաղաղության աղոթք է անում: Ծնկաչոք: Ամբողջ ձայնով խախտում հրթիռակոծությունից վնասված Սուրբ Ղազանչեցոցի ճնշող լռությունը:
Եկեղեցին՝ նախագմբեթից թափված քարերի ու փոշու մեջ անգամ ... շարունակում է ընդունել հավատավորներին: Մոմերը վառ են: Սրբազանը փորձում է աննկատ մաքրել արցունքները: Այն, ինչ միշտ է քարոզել՝ «սիրիր թշնամուդ», հիմա կրկնել չի կարող: «Թշնամի» բառը, ասում է՝ վերջերս անընդհատ է օգտագործում:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ) - Եթե մենք կարծում էինք, որ հակառակորդ ունենք, որի հետ խնդիր ունենք լուծելիք, այսօր ես կարծում եմ՝ թշնամի ունենք, որին պետք է ոչնչացնենք... Թող ներվի ինձ դա, բայց պիտի դա լինի ճշմարտությունը...
Սա ճշմարտության ու արդարության պատերազմ է. Տավուշի թեմի առաջնորդն այս մասին նաև Արցախի հյուսիսարևելյան դիրքերում՝ սահմանապահ տղաներին է ասել:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան - Կմաղթեմ, որ իրենց բազուկը չդողա, չվախենան թշնամու մեծությունից, առատությունից, զինվածներից... Կամփոփեմ Վարդանի խոսքով՝ որ Տերը զորություն տա մեզ ոչնչացնելու և բարձրացնելու արդարության կողմը:
Թշնամուն Արցախում արդեն անգիր գիտեն. հոգևոր հոր ուղեկցությամբ մարդկանց խումբը հազիվ էր եկեղեցի մտել... նկարահանումը չավարտած՝ երկնքում սկսեցին երկու անօդաչու պտտվել:
Մենք խաչի ժողովուրդ ենք՝ տառապանքի, սիրո ու հաղթանակի: Երբ ինքներս մեզ այդպես ճանաչենք, հաղթանակը չի ուշանա թե՛ սահմանին, թե՛ հոգևոր առումով՝ խրատում է Սրբազանը: Համբերություն մաղթում զավակներին, մտերիմներին հավիտենություն ճանապարհող ընտանիքներին: Զինվորի պես խոստանում՝
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան - Սա մեր վերջին պատերազմը պետք է լինի, և Աստված էլ չի՛ ամաչեցնելու: Այս պատերազմը տեղի ունեցավ Վարագա Սուրբ խաչի տոնին...
Խաչը՝ քրիստոնեությունն է Ադրբեջանն ու թուրքը թիրախ սարքել, որ փորձի արագ թուլացնել, տկարացնել մեր ազգին՝ հակառակորդի հարվածների տրամաբանությունն է Բագրատ Սրբազանը: Պատգամում՝ մենք հակառակը՝ հավաքով պետք է զորանանք ու բոլոր ճակատներում միասնական լինենք: Հայերին կործանող չի ծնվել:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան - Մենք չենք ուշացնելու հաղթանակը, ինչպես չենք ուշացնելու տաճարի նորոգումը, որպես նոր կյանքի խորհրդանիշ...