Եվրոպական մի շարք քաղաքներում այսօր վերսկսվել են ցույցերը: Եռագույներով և պաստառներով՝ հազարավոր հայեր պահանջել են ոչ միայն դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղում, այլև ճանաչել Արցախի անկախությունը:
Ֆրանսիայում ցույցերը մեկնարկել են Բիարից քաղաքից: Վերջին օրերին հենց այս երկիրն է դարձել բողոքի ակցիաների էպիկենտրոնը: Ավելի վաղ ցուցարարները փակել էին միջպետական ճանապարհները՝ վանկարկելով՝ Արցախը Հայաստան է: Այսօր ֆրանսիական Բասկերի երկրի պատգամավոր Վինսենտ Բրյուն հայտարարել է, որ պատրաստվում է գալ Հայաստան:
Վինսենտ Բրյու (Ֆրանսիական Բասկերի երկրի պատգամավոր) - Հույս ունեմ՝ երկուշաբթի կկարողանանք իմ գլխավորած պատվիրակությամբ ժամանել Հայաստան ու Արցախին հայտնել մեր համերաշխությունը: Ինչպես նաև կկարողանանք հարգանքի տուրք մատուցել Արցախում զոհվածների հիշատակին:
Ցույցերին մասնակցում են հայեր նաև այլ երկրներից, այդ թվում՝ իսպանական հատվածի Բասկերի երկրից, նաև՝ Կատալոնիայից: Բարսելոնայում հարյուրավոր մարդիկ են հավաքվել քաղաքի կենտրոնում:
Ավստրալահայերն էլ փակել են Սիդնեյի Հարբոր կամուրջը: Ադրբեջանական հարձակման դեմ Ավստրալիայում բնակվող հայերը բողոքել են ավտոերթ կազմակերպելով: Ըստ տեղի հայկական ազգային կոմիտեի ղեկավար Հայգ Կայսերյանի՝ ցուցարարները այդպիսով քննադատում են Ավստրալիայի իշխանությանը, որը լռում և չի դատապարտում Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան:
Պատերազմի մեկնարկից ի վեր ցույցեր են տեղի ունեցել եվրոպական տասնյակ քաղաքներում: Այսպես հայերը փորձում են ուշադրություն հրավիրել Արցախում տեղի ունեցող իրադարձություններին: