Բաքուն դարձյալ խախտում է պայմանավորվածությունը: Զինադադարն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց հայկական կողմի ուղղությամբ հրետանային, հրաձգային և հրթիռային հարվածներ է հասցրել: Նույնը կրկնել է առավոտյան: Նաև՝ մերժել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ գիշերը վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու միջնորդությունը:
Երկրորդ փորձը հերթական անգամ ցույց տվեց՝ թշնամին չի կարող պահել խոստումը: Հոկտեմբերի 18-ի զինադադարը տևեց ընդամենը 4 րոպե: Հյուսիսային ուղղությամբ թշնամին հրետանային ու հրաձգային կրակով կրկին խախտեց պայմանավորվածությունը, իսկ հարավային ուղղությամբ ժամը 2-ին հասցրեց հրթիռային հարվածներ։ Ադրբեջանը մարդասիրական զինադադարը խախտեց նաև առավոտյան: Ժամը 07:20-ին հրետանային ակտիվ կրակից հետո հակառակորդը ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով հարձակվեց հարավից՝ դեպի Խուդաֆերինի ջրամբար: Ռազմական գործողությունների հետևանքով երկու կողմում էլ եղան զոհեր ու վիրավորներ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հարավում Արցախի բանակը խոցել է 4 տանկ։ Հակամարտության գոտու այս թևում թշնամին գործի է դրել մեծ թվով անօդաչու թռչող սարքեր ու հրետանային միջոցներ։ Կեսօրին պաշտպանության բանակն արդեն ապացույցներով խոսեց. տեսանյութում տեսադիտարկման սարքերի միջոցով ճշգրիտ տեղանքով և ժամով երևում է, թե ինչպես է հակառակորդը վաղ առավոտյան կոպտորեն խախտում զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը:
Գիշերը համեմատաբար հանգիստ է եղել խաղաղ բնակավայրերում: Մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածությունից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվել` գիշերը մարտադաշտից դուրս բերել վիրավոր զինծառայողներին: Սակայն այս քայլը Բաքուն կտրականապես մերժել է: «Ալիևյան կլանը, դառնալով տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության գործիք, մտահոգված է միայն սեփական իշխանության պահպանմամբ և, սարսափելով պատերազմ սանձազերծելու, բազմաթիվ կորուստներ ունենալու համար իր սեփական ժողովրդի առջև պատասխան տալու հեռանկարից, փորձում է հետաձգել իրականության հետ առերեսվելու անխուսափելի պահը»,- նշել է արտգործնախարարությունը:
Առողջապահության նախարարությունն էլ ահազանգում է. ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը վնասված են, ինչի հետևանքով անբարենպաստ սանիտարահիգիենիկ իրավիճակ է: Պատերազմական գոտին անցնում է Զանգեզուր-ղարաբաղյան և մերձարաքսյան ժանտախտի բնական օջախներով, որտեղ կան հիվանդության հարուցիչներ: Զոհվածների մարմինների դուրսբերման անհնարինությունը նպաստում է, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ փոխանցող: Ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո բռնկումների, համաճարակների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:
Արդեն 22 օր չդադարող զինված հարձակումները մարդասիրական աղետ են առաջացրել ոչ միայն Արցախի քաղաքացիական բնակավայրերում, այլ նաև բոլոր այն վայրերում, որտեղ անմիջական ռազմական բախումներ են: Մարդու իրավունքների պաշտպանը ևս հայտարարում է՝ վիճակը աղետալի է նաև շրջակա միջավայրի աղտոտման, վարակիչ հիվանդությունների զանգվածային տարածման ու համաճարակների բռնկման տեսանկյունից: Արման Թաթոյանը համոզված է՝ այս պատերազմը բնապահպանական աղետի վերածվելու իրական սպառնալիք է: Իսկ այդ ամենն արդեն պետական սահմաններ չի ճանաչում և վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար:
Ադրբեջանական կողմը առավոտյան հասցրեց նաև ապատեղեկատվություն տարածել, իբր Հայաստանից խոշոր տրամաչափի զենքերից կրակ են վարել: Հայկական կողմը հերքեց ու հայտարարեց՝ հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է։