Կարևոր է արձանագրել, որ սա լոկալ կոնֆլիկտ չէ, այլ մեծ պատերազմ՝ Արցախում ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Կոյտերը։ Նա ընդգծեց՝ Արցախում են, որ Եվրոպայի ժողովրդին արթնացնեն ու ցույց տան, թե ինչ է կատարվում այստեղ։
«Ուզում ենք լուծում գտնել Արցախի համար ու մտածում ենք, որ Մինսկի գործընթացը էլ չի գործելու, և շատ մարդիկ դեռ պետք է հասկանան, թե ո՛րն է Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի միջև իրական խնդիրը։ Մենք մեր աչքերով տեսել ենք, որ խաղաղ բնակավայրեր են թիրախավորում, միջազգային արգելված զենքեր են օգտագործում պատերազմի ընթացքում։ Մենք վախենում ենք, որ այստեղ նոր ցեղասպանություն կարող է կատարվել։ Դատապարտում ենք ագրեսիվ քայլերը ու ուզում ենք հենց հիմա կանգ առնի այս պատերազմը»,-ասաց Կոյտերը։
Պատգամավորներից Անդրեաս Կալբիցն էլ հավելեց, որ իրենք տեսել են շենքերի վրա կիրառված ռումբերի հետքերը, և հասկանալի է՝ դրանք հատուկ արվել են Արցախի բնակչության դեմ։ Նրա խոսքով՝ միջազգային կառույցները պետք է կոչ անեն ընդդեմ Սիրիայից և Լիբիայից ահաբեկիչների ներգրավվածության։ Նա ընդգծեց, որ եթե պարզվի՝ այդ ահաբեկիչներին Ադրբեջանը բերել է խաղաղ բնակչության դեմ, ապա պետք է Ադրբեջանին համարեն որպես միջազգային ահաբեկիչների դերակատար ու դատապարտեն։
Անդրեաս Գալաուն էլ ընդգծեց՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը երբեք պատրաստ չի եղել այս հարցը լուծելու խաղաղ ճանապարհով, փոխարենը պատրաստվել է պատերազմի: Գալաուն նշեց, որ պետք է Բաքվի ու Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառվեն։ Շեշտեց, որ Գերմանիան չի կարող զենքով այս պատերազմի մեջ մտնել ու օգնել, բայց պատժամիջոցներ կարող է կիրառել, որն ավելի ուժեղ հարված է, քան զենքը: