Բունդեսթագի գերմանացի պատգամավորները Ստեփանակերտից Գերմանիայի իշխանություններին կոչ են անում խիստ պատժամիջոցներ կիրառել Անկարայի ու Բաքվի ղեկավարների նկատմամբ՝ նրանց ստիպելով դադարեցնել պատերազմը:
Անդրեաս Գալաո (Լանդթագի պատգամավոր և խորհրդարանի փոխնախագահ) - Գերմանիան զենքով չի կարող օգնել, բայց կարող է Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ սահմանել, օրինակ՝ զենքի մուտքի արգելք, որոշ մարդկանց մուտքի արգելք Գերմանիա, մեր բանկերում իրենց ունեցվածքի սառեցում է հնարավոր անել: Եթե Գերմանիան կիրառի այն պատժամիջոցները, որոնց մասին մենք ենք մտածում, դա ավելի մեծ օգուտ կլինի այս հակամարտության լուծմանը, քան զենքով կարող էր լինել:
Գերմանիացի պատգամավորներն այցելել են Արցախ՝ սեփական աչքերով տեսնելու և համոզվելու, թե ինչ է կատարվում այստեղ: Տեսնելուց հետո արդեն աշխարհին ասելու և ապացուցելու շատ բան ունեն, իրենց ձեռքով գտած փամփուշտ է. ով ցանկանա՝ կարող է տեսնել ու համոզվել, թե որ երկրի արտադրանք է: Պարզելն էլ դժվար չէ, թե ում է փոխանցվել կամ վաճառվել:
Անդրեաս Գալաո - Ադրբեջանը Թուրքիայի հրամանով անտեսել է Մինսկի խմբի խաղաղ գործընթացը և որոշել, որ այս հարցը բռունցքներով է պետք լուծել: Եթե Ադրբեջանի անցյալի քայլերն ու փաստերը հաշվի առնենք, կհասկանանք, որ Ադրբեջանը երբեք պատրաստ չէր հարցի՝ խաղաղ ճանապարհով լուծման: Մենք տեսանք, թե Ադրբեջանն ինչ քայլեր է ձեռնարկում Արցախի դեմ. սա Արցախի բնակչությանը բնաջնջելու փորձ է: Թուրքիայի կողմից նման փորձ մենք արդեն տեսել ենք, ծանոթ ձեռագիր է: Ես մեր կոչը կրկնում եմ՝ ծանր պատժամիջոցներ են պետք Բաքվի և Անկարայի կռվարար ղեկավարների դեմ:
Պատգամավորներն իրենց տեսածն են պատմում. ռմբակոծվել են բնակելի շենքեր ու տներ, որոնց մերձակայքում ռազմական նշանակության ոչ մի օբյեկտ չկա: Փաստում են. միջազգային բոլոր կանոններով արգելված զենքերը կիրառվում են խաղաղ բնակչության դեմ:
Շտեֆեն Քոթրեն (Բունդեսթագի պատգամավոր) - Մենք հաստատել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակվել է Արցախի խաղաղ բնակչության վրա, և դա մարդկության հանդեպ մեծ հանցագործություն է: Աշխարհի խորհրդարաններին կոչ ենք անում ոչ միայն խոսել, այլև անցնել գործի:
Խաղաղություն սիրող ամեն մարդ ու կազմակերպություն արդեն պետք է սկսի ձայն բարձրացնել Ադրբեջանի դեմ, որ դադարեցնեն այս պատերազմը, ու խաղաղություն հաստատվի: «Մենք պատրաստ ենք հանուն խաղաղության մեր քայլերը ձեռնարկել»,- հայտարարեցին գերմանացի պատգամավորները:
Շտեֆեն Քոթրեն - Մենք դատապարտում ենք բոլոր ագրեսիվ քայլերը և ուզում ենք, որ հենց հիմա դադարեցնեն այս պատերազմը: Մենք ուզում ենք, որ բոլոր կողեմերի համար, որ սանձազերծել են այս պատերազմը, պատժամիջոցներ կիրառվեն և հատուկ նշում ենք, որ Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ պետք է սանկցիաներ կիրառվեն:
Անդրեաս Փայվիթս (Լանդթագի պատգամավոր) - Մենք տեսել ենք ռումբերի պայթյունների հետևանքներն ու հասկացել ենք, որ դիտավորյալ արվել է բնակչությանը սպանելու, էթնիկ զտումների նպատակով, մենք դեմ ենք այդ ամենին: Կոչ ենք անում, որ միջազգային կազմակերպությունները սաստեն վարձկան ահաբեկիչների մասնակցությունն այս ամենին:
Եթե ապացուցվի, որ Ադրբեջանն այդ ահաբեկիչներին բերում է Արցախ դեմ կռվելու համար, մենք պետք է Ադրբեջանին համարենք միջազգային ահաբեկչության գլխավոր դերակատարներից` հայտարարեցին գերմանացի պատգամավորները: