1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի դեպքերի քրոնիկոնը:
Զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում ՊԲ-ն պատրաստ է շրջափակված ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել. Վահրամ Պողոսյան
«Եթե նախատեսված ժամից սկսված Ադրբեջանը պահպանում է մարդասիրական զինադադարի ռեժիմը, ՊԲ-ն պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել»,- ասել է Պողոսյանը:
Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ ժամը 00:00-ից, մարդասիրական զինադադար հաստատել
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար: Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների՝ հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ին արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության՝ ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Հրետանավորները դիպուկ կրակով խոցել են 2-3 տասնյակ ավտոմեքենաներով հարձակվել փորձող շարասյունը. ՊՆ ներկայացուցիչ
«Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ։ Ուղղություններից մեկում կոնկրետ մոտ 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, և հակառակորդը ստիպված է եղել նահանջել։ Մյուս ուղղություններում համառ մարտեր են ընթացել, որոշ տեղերում մարտերն այս պահին էլ շարունակվում են»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ, որպես կանոն, հակառակորդը մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում, այսօր հակառակորդը կիրառել է օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ։
Գեղարքունիքի մարզում խոցվել է հակառակորդի 18 ԱԹՍ․ մարզպետ
Ադրբեջանը պատերազմ հրահրելուն զուգընթաց փորձել է ԱԹՍ-ների միջոցով բնակիչների ուշադրությունը գրավել, որոշ հատվածներում էլ՝ հրթիռակոծել՝ հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Արդյունքում մենք մարզի Մեծ Մասրիկ համայնքում ունեցանք զոհ, 2 վիրավոր։ Վերջերս նաև 14-ամյա Նարեկը վիրավորվեց։ Վնասվել են շուրջ 40 առանձնատուն, 2 դպրոց։ Մեծ Մասրիկում խոցման հետևանքով ոչ միայն ամբողջովին տուն փլվեց, այլև գազատարը վնասվեց, ու հրդեհ բռնկվեց։ Բազմաթիվ դաշտային տարածքներում կան հրետակոծություններ, որոնք բերում են դաշտային աշխատանքներ իրականացնելու խնդիրներ»,- նշեց մարզպետը՝ հավելելով, որ մարզի բնակիչներն արդեն բավական լավ քաղպաշտպանության են անցել։
Հրապարակվել են սիրիացի վարձկանների գաղտնազերծված զրույցները
Region Monitor-ը վերծանել և թարգմանել է «Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկի`զինակից ընկերներին ուղարկած ձայնային հաղորդագրությունը, որը ևս մեկ անգամ
ապացուցում է, որ սիրիացի վարձկանները ուղարկվում են Ադրբեջան։
36 քաղաքացիական զոհ, 115 վիրավոր, շուրջ 7800 վնասված անշարժ գույք․ ԱՀ ՄԻՊ-ը թարմ տվյալներ ներկայացրեց
ԱՀ ՄԻՊ-ը հայտնեց, որ լայնածավալ թիրախավորում է տեղի ունեցել մոտ 130 բնակավայրի ուղղությամբ։ Շուրջ 7800 անշարժ գույք է վնասվել, 1300-ից ավելի ենթակառուցվածք, հանրային կամ արտադրական նշանակության օբյեկտներ, 720-ից ավելի մեքենա։ ՄԻՊ-ը հայտնեց, որ նախնական հաշվարկով՝ բազմաթիվ բնակավայրերում այսօրինակ հարձակումներն ու հրետանու կիրառումը հանգեցրել են ֆինանսական լուրջ կորուստների, որի ճշտումները դեռ կատարված չեն։
Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերն Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը ծանր հրթիռներով և ԱԹՍ-ներով: Բեգլարյանի խոսքով՝ հրթիռակոծության և օդային հարվածների հետևանքով Ստեփանակերտում և Շոշ համայնքում տուժել են քաղաքացիական անձինք, քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվել է մեծ նյութական վնաս:
Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը. ԱՀ նախագահ
Այսօր պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվել են: Հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: «Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը՝ թշնամուն հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ»,- գրել է ԱՀ նախագահը:
Սեպտեմբերի 27-ից ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորվել է ավելի քան 100 քաղաքացիական անձ
Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից՝ հրապարակելով նաև լուսանկարներ:
ՀՀ օդային տարածքում մոտ մեկ ժամում խոցվել է հակառակորդի երեք, Արցախում՝ մեկ ԱԹՍ. ՊՆ խոսնակ
ՀՕՊ ստորաբաժանումները այսօր ժամը 16:30-17:45-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք, Արցախում՝ մեկ ԱԹՍ։
Ադրբեջանական հերթական կեղծիքը Գյանջայի մասին
Տեսանյութ
Հակառակորդի կորուստները․ 17.10.20 (ժամը՝ 11։00)
Վերջին տվյալներով խոցվել են հակառակորդի ևս 5 ԱԹՍ, 2 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 150 զոհ. տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
Ստեփանակերտի հրթիռակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ
Արցախի ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 16-ի լույսի 17-ի գիշերը Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով տուժել է 3 քաղաքացիական անձ. նրանց տեղափոխել են հիվանդանոց: Գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ, զգալի վնաս հասցրել մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ: Նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել:
Լուսադեմին թշնամական ուժերը վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. ԱՀ ՊՆ
Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների:
ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ. ՊՆ խոսնակ
Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում ժամը՝ 00։42-ին,գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Իսկ ավելի ուշ՝ ժամը 01։33 հայտնել է, որ ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ։