Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ ահազանգելով, որ քսան օր շարունակ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի ընթացքում միջազգային նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծվում են Արցախի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները։
«Առ այսօր թիրախավորվել ու ավերվել են 18 դպրոցական շենք, 6 մանկապարտեզ, չորս մշակութային օջախ։ Թշնամու գերճշգրիտ կրկնակի հարվածից ավերվել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը։
Թուրք-ադրբեջանական ահաբեկչության ու կատաղի ագրեսիայի պատճառով խախտվել և խախտվում է շուրջ 33 հազար մարդու կրթության իրավունք։ 24 հազար աշակերտ դպրոց չի հաճախում, 4016 երեխա՝ մանկապարտեզ, 4986 ուսանող՝ արհեստագործական ուսումնարան, քոլեջ և բարձրագույն ուսումնական հաստատություն։ Խոր ցավով և կսկիծով ենք նշում, որ ունենք նաև զոհված ուսանողներ»,- ասված է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության հայտարարության մեջ։