Փաստենք, որ Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի պայմանը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը հայտնեց, որ դեռ վաղ առավոտից մարտական գործողությունները շարունակվել են նույն ուղղություններով։ Սկզբում հյուսիսային կողմում հերթական անգամ հարձակման փորձ են կատարել և ջախջախվել ու հետ շպրտվել՝ որևէ նշանակալի հաջողություն չունենալով։ Նրա խոսքով՝ նույն ժամանակ հարավային ուղղությամբ օպերացիոն ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակողական գործողություններ ծավալել։
«Մեկ ուղղությամբ հստակորեն ընկնելով հայկական զինված ուժերի հրետանու հուժկու կրակի տակ՝ փախուստի են դիմել՝ կրելով զգալի թվով տեխնիկայի և մեծաքանակ զինամթերքի կորուստներ։ Այլ ուղղությամբ շարունակել են հարձակողական մարտերը և համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժեր ունեն»,- ասաց Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչը կրկին նշեց, որ չափազանց ուժգին, մեծ կրակային խտություն պարունակող մարտական գործողություններ են, ուստի առանձին բնագծերի, հորինված կամ իրական նշաձողերով արտահայտված տեղանքների անուններով, բարձունքներով առաջնորդվելը ու հաջողությունները ֆիքսելը տվյալ պատերազմում ընդհանրապես ակտուալ չէ։
«Հինգերորդ սերնդի պատերազմ է ընթանում՝ բարձր տեխնոլոգիական միջոցներով, մանևրային խմբերով, և ստատիկ բնագծերի պահպանության համար առանձին մարտական գործողություններ չեն վարվում։ Դրա համար կոնկրետ բնագծեր և հաջողություններ ու նահանջներ չենք նշելու»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա նաև հայտնեց, որ օրվա ընթացքում Ադրբեջանը նորից կիրառել է օդային հարձակման տարբեր միջոցներ, այդ թվում՝ ԱԹՍ-ներ։ Տեղեկացրեց, որ այսօր 20։30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից 2-ը՝ ՀՀ տարածքում։ Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, թեժ է հարավային ուղղությունը։