ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել պահպանել հակահամաճարակային կանոնները:
«Այսօր ունենք արձանագրված COVID-19-ի նոր 1540 (39.1%) դեպք: Սիրելի՛, հարգելի' քաղաքացիներ, թիկունքից մի՛ հարվածեք, այլ օգնե՛ք մեզ՝ բժիշկներիս։
Խնդրում եմ, հորդորում եմ խստագույնս պահպանեք հակահամաճարակային բոլոր կանոնները: Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել COVID-19-ի տարածման շղթան, արե՛ք դա հանուն բոլորիս առողջության, հանուն մեր առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի, հավատացե՛ք՝ դա բխում է բոլորիս շահերից։
Հարգե՛ք գիշեր-ցերեկ անտրտունջ աշխատող բուժաշխատողների խնդրանքը։
Հայե՛ր ջան, միացե՛ք բժիշկներին և կռվե՛ք այս պատերազմի՝ համավարակի դեմ հանուն բոլորիս առողջության։
Չէ՞ որ բժիշկները տվել են ձեզ այս պատերազմում կիրառվող հիմնական զենքերն ու մարտավարությունը՝ պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ ու անընդհատ ախտահանել ձեռքերը և չախտահանված ձեռքերով չդիպչել դեմքին։
Հավատացե՛ք ինձ՝ օգտագործելով ու կիրառելով այս մարտավարական զենքերը՝ մենք միասին կհաղթենք COVID-19-ին։
Եվ ուրեմն, միացե՛ք Սպիտակ բանակին, և հաստատ միասին կհաղթենք անտեսանելի թշնամուն՝ COVID-19-ին»,- գրել է Արմեն Մուրադյանը: