ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանները նամակ են հղել կազմակերպության ղեկավարին: Աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ու տեղադրել նամակը: Բարի կամքի դեսպանները խաղաղության կոչ են անում և ՄԱԿ-ին հորդորում քայլեր ձեռնարկել հիմա:
Նամակում, մասնավորապես, նշվում է, որ Արցախում տեղի են ունենում բռնություններ, որոնք կոպտորեն խախտում են մարդու իրավունքները, դեմ են Ժնևի կոնվենցիային ու միջազգային մարդասիրական օրենքին: Սա ոչ թե պարզապես հարձակում է հայերի, այլ՝ մարդկության հիմնարար նորմերի դեմ:
Նամակում ընդգծվում է քաղաքացիական բնակչության, մասնավորապես՝ երեխաների շրջանում զոհերի ու վիրավորների մասին: Հատուկ անդրադարձ է կատարվել կոմայի մեջ գտնվող 15-ամյա Ռոբերտի ու 2-ամյա Արծվիկի վիճակին, որոնք գտնվում են լուրջ սպառնալիքի տակ:
Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ՝ նամակի հեղինակները ՅՈՒՆԻՍԵՖ-ին կոչ են անում իրենց ձայնը բարձրացնել, օգնության ձեռք մեկնել ու քայլեր ձեռնարկել հետագա արյունահեղությունները կանխելու համար:
Նամակը ստորագրել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ ՀՀ նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, Ալլա Լևոնյանը, Մարիա Գուլեգինան, Հենրիխ Մխիթարյանն ու Արթուր Ալեքսանյանը: