Ադրբեջանը պատերազմ հրահրելուն զուգընթաց փորձել է ԱԹՍ-ների միջոցով բնակիչների ուշադրությունը գրավել, որոշ հատվածներում էլ՝ հրթիռակոծել՝ հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Հայական տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ:
«Արդյունքում մենք մարզի Մեծ Մասրիկ համայնքում ունեցանք զոհ, 2 վիրավոր։ Վերջերս նաև 14-ամյա Նարեկը վիրավորվեց։ Վնասվել է շուրջ 40 առանձնատուն, 2 դպրոց։ Մեծ Մասրիկում խոցման հետևանքով ոչ միայն ամբողջովին տուն փլվեց, այլև գազատարը վնասվեց, ու հրդեհ բռնկվեց։ Բազմաթիվ դաշտային տարածքներում կան հրետակոծություններ, որոնք բերում են դաշտային ախատանքներ իրականացնելու խնդիրներ»,- նշեց մարզպետը՝ հավելելով, որ մարզի բնակիչներն արդեն բավական լավ քաղպաշտպանության են անցել։
Մարզպետի խոսքով՝ մինչև այս պահը մարզում խոցվել է 18 ԱԹՍ։ Դրանք միայն Վարդենիսի տարածարջանում չեն եղել՝ նշեց Սանոսյանը։ ԱԹՍ-ներ են խոցվել նաև Մարտունու և Գավառի տարածաշրջաններում։
«Քաջ գիտակում ենք մարզի աշխարհագրական դիրքը ու նաև՝ ինչ կարևոր անելիքներ ունենք արցախցի եղբայրներին օգնելու հարցում։ Մի շարք գերատեսչություններ կազմակերպված աշխատում են Արցախում սննդի ու անհրաժեշտ նյութերի մատակարարման համար։ Մենք գիտակցում ենք, որ պատերազմական փուլում բոլոր օղակները պետք է իրենց աշխատանքները կազմակերպված անեն, և թիկունքային աշխատանքները, հասկանում ենք, շատ կարևոր են»,- նշեց Սանոսյանը։
Մարզպետը հերոսական պատմությունների շարքը լրացրեց սևանցի Գևորգի պատմությամբ, որը ձեռքը գրպանում պահելով և թաքցնելով մատների բացակայությունը՝ մեկնել է ռազմաճակատ ու այս պահին կռիվ է մղում։
«Մենք ամեն օր նման հերոսական պատմություններ լսում ենք ու քաջ գիտակցում ենք, որ մեզ հաղթել հնարավոր չէ։ Հաղթելու ենք»,- եզրափակեց մարզպետ Սանոսյանը։