Հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստն առցանց հարթակում, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Նիստի ընթացքում ներկայացվել են երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների անցկացումը, երիտասարդական կամավորության խթանումը, նորարարական գաղափարների խրախուսումը, երիտասարդական մայրաքաղաքների հանրահռչակմամբ մարզային երիտասարդության ակտիվության բարձրացումը և համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Նիստի սկզբում այբբենական կարգով առաջինը զեկուցող Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչը սադրանքի ակնհայտ և անհաջող փորձ է արել` շեղելով նիստի օրակարգը և Գյանջա (Գանձակ) քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները փորձելով կապել երիտասարդական հավաքի և Հայրենական պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 75-ամյակի հետ:
Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարի տեղակալ Ինդիգամ Վագիֆ օղլի Բաբաևն ապատեղեկատվություն է տարածել, թե իբր հայկական ուժերը թիրախավորել են Գյանջա (Գանձակ) քաղաքի քաղաքացիական բնակչությանը, որի հետևանքով իբր տուժել է նաև Հայրենական պատերազմի ոգեկոչման այգին։ Նա իր խոսքում ներկայացրել է հակամարտության նենգափոխման ադրբեջանական քարոզչամեքենայի ամբողջ ներկապնակը՝ այդ ամենը կապելով Հայրենական մեծ պատերազմում Ադրբեջանի տված զոհերի, հերոսների և այլ զոհողությունների հետ:
Ի պատասխան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Ադրբեջանի ներկայացուցչի տարածած տեղեկատվությունն ակնհայտ սադրանք է և նպատակ ունի շեղել ԱՊՀ Երիտասարդության հարցերի խորհրդի օրակարգը։
Ա.Մարտիրոսյանը ներկայացրել է Թուրքիայի մասնակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի իրական բնույթը՝ կարևորելով միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի դատապարտման հրամայականը, որ այդ երկիրն անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները և հաշվետվության կանչվի ռազմական արկածախնդրության համար:
Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը նաև առիթն օգտագործել է մատնանշելու, որ Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Ադրբեջանի մասնակցությունը տպավորիչ է ահռելի զոհողությունների և հերոսականության շնորհիվ, որը դրսևորել է արցախահայությունը, որ հիմա հերոսական գոյապայքար է մղում պաշտպանվելու այդ նույն Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայից:
Մասնակիցները խոսել են նաև 2020 թվականի ընթացքում իրենց երկրներում իրականացված երիտասարդական միջոցառումների մասին, որոնց ճնշող մեծամասնությունը ինչպես ՀՀ-ում, այնպես էլ մյուս ԱՊՀ մասնակից պետություններում COVID-19 համաճարակով պայմանավորված չեղարկվել կամ հետաձգվել է: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել և որոշվել է, որ ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային երիտասարդական «100 գաղափար ԱՊՀ-ի համար» ծրագրի վերջնական՝ միջազգային փուլը և ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը կանցկացվեն Հայաստանում 2021 թվականի 2-րդ կիսամյակում: