Արցախի սրտում՝ Ստեփանակերտում, մոտ 2 ժամ է՝ պայթյունի ձայն չի լսվել: Քայլում ենք փողոցներում ու տարօրինակ ձայներ ենք լսում, գնում ենք տեսնենք` ով է և ինչ է նվագում:
Ընդամենը րոպեների հրադադարը արցախցուն սիրտ է տալիս կրկին մշակութային կյանքով ապրել: Ինչ նվագել հարցն ավելորդ է` հաղթանակի երգեր...
Դաշնակահարուհի չէ, դաշնամուրն էլ առանձնապես լավ վիճակում չի: Արցախի հեռուստատեսության հնչյունային ռեժիսորը ժամանակ է գտել աշխատանքային դադարի ու հրադադարի միջև, հարմար պահ է մի քանի րոպե կյանքի գույները փոխելու համար: Չէ՞ որ կյանքը շարունակվում է:
Ռումբերի ձայնը չի կարող խլացնել արցախցու կամքի ձայնը: Ապրել են, կապրեն իրենց հողում՝ խաղաղ: Պետք լինի՝ ռումբերի ձայնն էլ երաժշտությամբ կխլացնեն, ինչպես այս նկարահանման ժամանակ:
- Կյանքը չի կանգնել, էս ռումբերի տակ, մեկ ա՝ մենք նվագում ենք, ապրում ենք, արարում ենք ու հաղթելու ենք: