ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ այսօր այցելել է արցախցի մեր հայրենակիցներին, որոնց Կոտայքի մարզում ժամանակավոր կացարան է տրամադրել «Էյ Դի Էմ դայմոնդս» ընկերությունը:
«Հյուրընկալող կազմակերպությունը Հադրութից, Մարտակերտից և Ստեփանակերտից ժամանած երեխաներին, կանանց և տարեցներին ապահովում է նաև սնունդով, հագուստով, հիգիենայի պարագաներով:
Երեխաների համար տեղում կազմակերպում են ծրագրավորման դասընթացներ:
Մարզպետարանի հետ համագործակցությամբ առաջիկայում կլուծեն նաև սոցիալական ծառայություններին առնչվող հարցերը:
Մասնավոր ոլորտի բազմաթիվ այսպիսի կազմակերպությունների ջանքերի շնորհիվ է նաև, որ կարողանում ենք աջակցել արցախցի մեր հայրենակիցներին:
Դե, իսկ արցախցիներն իրենց նման էին՝ ամուր, զուսպ և ուժեղ: Խոստացան, որ պատերազմից հետո մեզ բոլորիս ուրախությամբ կհյուրընկալեն Արցախում»,- գրել է Բաթոյանը: