Ռազմական դրության պայմաններում Արցախի փրկարար ծառայողների հետ կողք կողքի փորձությունները հաղթահարում են նաև մայր հայրենիքից օգնության հասած տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Արցախի ԱԻ պետական ծառայության հետ համատեղ թիկունքային աշխատանքներում ընդգրկվեց նաև Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
Հակոբ Ավագյանի ղեկավարությամբ 10 հոգանոց խմբի մի մասը դեղագետներ են, ովքեր պահեստավորված դեղամիջոցները տեսակավորում են, ստուգում պիտանելիության ժամկետները, տեղավորում առանձին արկղերում ու տրամադրում առողջապահական հիմնարկներին:
Խմբի մի մասն ընդգրկվել է ապաստարաններում պատսպարված մեր հայրենակիցներին սննդի ու անհրաժեշտ պարենի մատակարարման գործում:
ԱԻ պետական ծառայության տնօրեն, պարետ Կարեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմի անձնակազմին՝ այս օրերին Արցախում գտնվելու և ցուցաբերվող աջակցության համար»,- ասված է ծառայության հայտարարության մեջ: