MMA-ի հայազգի մարզիկ Քեթլին Չուկագյանը անդրադարձել է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին՝ նշելով, որ դրա մասին ինքն է փորձում հայտնել աշխարհին իր հարթակից:
«Հայաստանում հիմա պատերազմ է, և մամուլը դա չի լուսաբանում: Ես փորձում եմ խոսել իմ հարթակից ու իմ լսարանին հայտնել այն, ինչ տեղի է ունենում, գոնե դուք կիմանաք, որ Արցախը ռմբակոծվում է, բազմաթիվ անմեղ կանայք ու երեխաներ սպանվում են, 18-19 տարեկան տղաները Կալիֆոռնիայից գնում են կռվելու և զոհվում են, ու ոչ ոք այդ մասին ոչինչ չի գրում:
Ես փորձում եմ գրառումներով հայտնել այդ մասին, ու մարդիկ ասում են, որ թուրքերը մտադիր են ավարտել իրենց սկսած ցեղասպանությունը: Իրավիճակը լարված է: Ես չեմ սիրում խառնվել քաղաքականությանը, սակայն ցանկանում եմ մարդկանց տեղյակ պահել տեղի ունեցողի մասին, դա գուցե օգնի»,- ասել է Չուկագյանը: