ՀՀ առողջապահության նախարարն այսօր այցելել է Սյունիքի մարզ և շրջել մի շարք բժշկական հաստատություններով, հետաքրքրվել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների առողջական վիճակով:
Նախարարը եղել է Գորիսի, Կապանի և Սիսիանի բժշկական կենտրոններում, ինչպես նաև Սիսիանի զինվորական հոսպիտալում:
Մայրաքաղաք վերադառնալիս նախարարն այցելել է նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Արսեն Թորոսյանը շրջել է վերակենդանացման բաժանմունքներով, հիվանդասենյակներով, զրուցել զինվորների և նրանց բուժող բժշկական անձնակազմի հետ` ծանոթացել նրանց բուժման ընթացքին: Նախարարին ներկայացվել է վիրավորների, հատկապես` ծանր վիճակում գտնվողների բուժման տակտիկան: Բոլոր զինվորներին նախարարը մաղթել է քաջառողջություն և շուտափույթ ապաքինում, նաև շնորհակալություն հայտնել հայրենիքը նվիրումով պաշտպանելու համար:
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել նաև բժշկական անձնակազմերին այս ճակատում «կռվելու» և զինվորների կյանքը փրկելու համար: