ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Արցախի տեղեկատվական շտաբում հայտնեց, որ վերջին օրերին սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերից ավելի շատ տեղեկություն են ստանում հայ զինծառայողների դիակների և հայ գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ:
Դրա վառ օրինակը հոկտեմբերի 15-ին հրապարակված տեսանյութն էր, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանորեն գնդակահարում երկու հայ ռազմագերու։
«Այդ մասով մենք համապատասխան փորձագիտական աշխատանք կատարել ենք։ Ակնհայտ է, որ դա ամբողջությամբ ճշմարիտ դեպք է, ոչ մի կեղծիք այնտեղ չկա՝ ի հեճուկս ադրբեջանական պաշտպանության նախարարության պնդումների։ Երկու հայ ռազմագերի սպանվում է՝ պատժի, անմարդկային վերաբերմունքի, նվաստացման ձևով, նրանցից մեկը 73 տարեկան պապիկ էր։ Սա պետք է խստորեն դատապարտվի»,- նշեց Բեգլարյանը։
ԱՀ ՄԻՊ-ի խոսքով՝ միջազգային հանրությունը պարտավորություն ունի այսպիսի հանցագործությունները կանխարգելելու մասով, որոնցից առաջինը պետք է լինի պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Երկրորդ քայլը՝ իրավապաշտպան համայնքի այցերի ու փաստահավաք առաքելությունների կազմակերպումը և երրորդը՝ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը, ինչը զսպիչ միջոց կլինի հետագա խախտումների կանխարգելման համար։