ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Արցախի տեղեկատվական շտաբում ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ այս պահի դրությամբ առնվազն 36 քաղաքացիական զոհ է գրանցվել, վիրավոր է 115 բնակիչ։
«36-ից 20-ը սպանվել են իր բնակության վայրում, ինչը նշանակում է, որ անակնկալ, նաև թիրախային, դիտավորյալ հարձակման հետևանքով են այս դեպքերը տեղի ունեցել։ 36-ից 8-ը կին են, 28-ը՝ տղամարդ, մոտ կեսը՝ 50-ից բարձր տարիքի է»,- նշեց Բեգլարյանը։
Նա նշեց, որ լայնածավալ թիրախավորում է տեղի ունեցել մոտ 130 բնակավայրի ուղղությամբ։ Շուրջ 7800 անշարժ գույք է վնասվել, 1300-ից ավելի ենթակառուցվածք, հանրային կամ արտադրական նշանակության օբյեկտներ, 720-ից ավելի մեքենա։ ՄԻՊ-ը հայտնեց, որ նախնական հաշվարկով՝ բազմաթիվ բնակավայրերում այսօրինակ հարձակումներն ու հրետանու կիրառումը հանգեցրել են ֆինանսական լուրջ կորուստների, որի ճշտումները դեռ կատարված չեն։
Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերն Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը ծանր հրթիռներով և ԱԹՍ-ներով: Բեգլարյանի խոսքով՝ հրթիռակոծության և օդային հարվածների հետևանքով Ստեփանակերտում և Շոշ համայնքում տուժել են քաղաքացիական անձինք, քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվել է մեծ նյութական վնաս: