Մեր գոյության այս ծանր պատերազմում հաղթանակն այլընտրանք չունի, սակայն հաղթանակը հեշտ չի տրվելու, այն ծանր է ու կախված է յուրաքանչյուրիցս։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ամեն մեկիցս առանձին ու անհատական է կախված հաղթանակը։ Ամեն մեկս պիտի հարց տանք, թե ի՞նչ ենք արել հաղթանակի համար։ Ամեն օր պիտի ինքներս մեզ հարց տանք։
Սիրելի՛ եղբայրներ, ավտոմեքենայի վրա ՀՀ եռագույնը գցելով ու հայրենասիրական երգի բարձր ձայնով Երևանում քշելով չեք նպաստում հաղթանակին։ Իմ ուսանողուհիները կանանց ջոկատ են կազմում, դա է հաղթանակին միտված ուղիղ քայլը։
Նարի Սյունին կոնկրետ քայլ է անում հաղթանակի համար։ Երեկ մի գեղանի օրիորդ լացակումած ինձ աղաչում էր, որ իրեն մահապարտի հանձնարարություն տայի։ Այդ հայուհուն արժանի երիտասարդներ եղեք։
Վե՛ր կացեք և քա՛յլ արեք մեր գոյության պատերազմի համար։ 18-25 տարեկան զինվորներն ու սպաներն արդեն 20 օր բոլորիս համար արհամարհում են մահը, արժանի լինենք նրանց։