21-րդ դարը դեռ նման պատերազմ չի տեսել՝ փաստում են ռազմագետները, քանի որ այս մարտերում ներգրավված են բոլոր հնարավոր զինատեսակներ՝ տանկեր, ԱԹՍ-ներ, հրթիռային հրետանի, ավիացիա և մեծ թվով զորքեր: Լեռնային Ղարաբաղում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ու դրա հետևանքների մասին վարչապետը խոսել է շվեյցարական RTS հեռուստաընկերության հետ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Իրավիճակն առավել քան լուրջ է, որովհետև տեղի են ունենում մեծածավալ ռազմական գործողություններ: Շատ կարևոր է արձանագրել, երբ Թուրքիայի նախաձեռնությամբ և ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանը հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրա, առաջին իսկ օրերից Ադրբեջանի կողմից հրթիռակոծվում և հրետակոծվում են Ղարաբաղի բնակավայրերը, քաղաքները և գյուղերը, և ավելի քան 10 օր հրետակոծություններից հետո, երբ հասկանալի էր, որ դադար չի լինելու՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ստիպված էր որոշակի կանխարգելիչ և սահմանափակող հարվածներ տալ՝ գոնե Ղարաբաղի հրետակոծությունը և հրթիռակոծությունը մեղմելու համար:
Բոլորի համար է պարզ, հրադադարը ոչ թե չպահպանվեց, այլ առհասարակ՝ կյանքի չկոչվեց: Հրադադարից րոպեներ անց Ադրբեջանը նոր հարձակումներ սկսեց նոր ուղղություններով՝ հստակեցնում է Փաշինյանը: Փոխզիջումների Հայաստանը միշտ էլ պատրաստ է, բայց փոխզիջում բառը ենթադրում է՝ զիջման պետք է գնա երկու կողմը, բայց Ադրբեջանը նման ցանկություն չունի:
Նիկոլ Փաշինյան - Եվ կարծում եմ՝ հիմա առավել ևս Ադրբեջանը փոխզիջման պատրաստ չէ, նաև այն պատճառով, որ Թուրքիան է մեծապես կառավարում գործընթացները, այդ թվում՝ Ադրբեջանում: Իսկ Թուրքիայի համար սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարցի կարգավորման խնդիր է, այլ թուրքական նոր կայսերապաշտական, էքսպանսիոնիստական քաղաքականությունը շարունակելու խնդիր, իսկ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք ծավալվելու համար:
Այն, որ Հայաստանը պատրաստ էր զիջումների՝ փաստում է նաև 2011 թ. կազանյան գործընթացը: Ադրբեջանը սակայն հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը, որովհետև նախատեսված էր մի ընթացակարգ, որով Լեռնային Ղարաբաղը կարող էր ինքնորոշվել, այսինքն՝ ճշգրտել սեփական կարգավիճակը:
Նիկոլ Փաշինյան - Մենք պետք է այս իրավիճակը ճիշտ հասկանանք, խնդիրն այն է, որ հիմա Ադրբեջանը խնդիր է դրել իր առաջ Թուրքիայի և Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ վերահսկողության տակ առնել ամբողջ Լեռնային Ղարաբաղը և այն ազատել հայկական բնակչությունից:
RTS-ից հետաքրքրվում են վարձկանների ներկայությունը փաստող ապացույցների մասին: Դրանք արդեն հրապարակված են՝ ասում է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան - Այդ փաստը պաշտոնապես ընդունել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը և այլ երկրներ: Եվ հիմա հարցի կարգավորման համատեքստում ես շատ կարևոր եմ համարում, որ միջազգային հանրությունը մինչև հարցի կարգավորման բովանդակությանն անցնելը, հստակ արձանագրի թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: Որովհետև դա հարցի կարգավորման միջազգայնորեն ընդունված սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման, կոպտագույն խախտում է:
Երբ պաշտպանության բանակը կանխարգելիչ և զսպող հարված էր հասցրել Գյանջային, Ադրբեջանի իշխանությունը կազմակերպել էր օտարերկրացի դեսպանների այցն այդ տարածաշրջան, որպեսզի ցույց տար, թե ինչ է տեղի ունենում: Սակայն այս 20 օրում ոչ մի օտարերկրյա դիվանագետ չի այցելել Լեռնային Ղարաբաղի քաղաքներ, որտեղ հրթիռակոծվել են բազմաթիվ քաղաքացիական ենթակառուցվածքներ, զոհվել են խաղաղ բնակիչներ: Վարչապետը պատասխանել է նաև Շվեյցարիայից ակնկալիքների մասին հարցին:
Նիկոլ Փաշինյան- Ժնևի քաղաքային խորհուրդը մի բանաձև ընդունեց, որում արձանագրեց, որ անջատում հանուն փրկության գաղափարը կարող է կիրառելի լինել Լեռնային Ղարաբաղում: Դա հայտնի միջազգային տերմին է, որը կոչվում է անջատում հանուն փրկության, երբ որոշակի տարածաշրջաններ, ժողովուրդներ անկախություն են ստանում այն բանի հաշվառմամբ, որ նրանք որևէ այլ երկրի կամ նրանց նկատմամբ հավակնություններ ունեցող երկրի իշխանության ներքո չեն կարող գոյատևել: Եվ ես ակնկալում եմ Շվեյցարիայից և Շվեյցարիայի մարմիններից, որ նրանք առաջինը հստակ արձանագրեն, որ Թուրքիան Սիրիայում վարձել է ահաբեկիչներ, տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, նաև սեփական զորքերից է տեղափոխել Ադրբեջան, և Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչների հետ համատեղ սկսել է ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ: Այս ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայությունը գտնվում են գոյութենական վտանգի առաջ, այսինքն՝ հումանիտար ճգնաժամի շեմին: Սա մի իրավիճակ է, երբ միջազգային հանրությունը պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղի պարագայում անկախության ճանաչում հանուն փրկության սկզբունքը, որովհետև հակառակ պարագայում Լեռնային Ղարաբաղի հայությունը կենթարկվի ցեղասպանության: Եվ սրա մեջ ոչ մի չափազանցություն չկա: Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը:
Ինչպիսի՞ն պետք է լինի Ռուսաստանի դերը: Խորհրդակցություններ Ռուսաստանի հետ միշտ են լինում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում: Կան նաև հայտարարություններ, որ որոշակի իրավիճակների զարգանալու դեպքում՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը կկատարեն իրենց անվտանգային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ռուսաստանի դերը սակայն ավելի մեծ է՝ շեշտում է վարչապետը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայունությունը և խաղաղությունը վերականգնելու գործում, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: