Թեև սոցիալական փաթեթից օգտվելն անհատական որոշման թեմա է, սակայն Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոլեկտիվը՝ մոտ 140 մարդ, որոշում կայացրին մեկ մարդու նման:
Էդուարդ Թոփչյան (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր) - Սա մի ձև է, որ շատ մարդիկ կարող են իմանալ, և մեծ օգնություն հասնի բանակին: Անհատական սոցփաթեթներից կարելի է հրաժարվել և փոխանցել համահայկական հիմնադրամին:
Ֆիլհարմոնիկի ալտահարը, տրոնբոնահարը, ֆագոտիստն ու ջութակահարն իրենց երաժշտական գործիքները պատերազմի հենց առաջին օրերին փոխարինեցին ավտոմատով: Այս համարձակ քայլից գործընկերներն իրենց տեղը չէին գտնում, երաժիշտը կռվել չգիտի, բայց համախմբվել հաստատ կարող է՝ ասում է ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարը:
Էդուարդ Թոփչյան - Առաջին օրը արեց մեր տնօրենը, երբ որ բոլորը տեսան՝ ստացվում է մոտավորապես 10 միլիոն, ամբողջ ֆիլհարմոնիկի աշխատողները մոտեցան, հիմա արդեն՝ անձնակազմը:
Գործարքը հնարավոր է կատարել Հայաստանի տասը բանկերում՝ ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատուն:
Ժորա Սարգսյան (աշխատանքի և զբաղվածության վարչության պետ) - Ընդամենը պետք է մոտենան իրենց այն բանկ, որտեղ որ բացել են իրենց սոցիալական փաթեթի հաշիվները, և հանձնարարագիր ներկայացնեն բանկին, որպեսզի այդ գումարները փոխանցվեն:
Եղել են դեպքեր, երբ բանկերը հավանաբար նոր օրենքի կիրառման ընթացակարգերին տեղյակ չլինելով՝ դժվարացել են փոխանցումներ կատարել, սակայն խնդիրն արդեն կարգավորված է: