Ֆրանսիայի ազգային ֆինանսական դատախազությունը նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանք է առաջադրել այսպես կոչված «չարագործների ասոցիացիա» ստեղծելու համար: Երկրի քրեական օրենսգրքի համաձայն՝ դա հանցավոր համայնք է, որի անդամները միավորվել են ցանկացած անօրինական գործողություն կատարելու համար: Այս մասին հայտնի դարձավ ուրբաթ, երբ հանրապետության նախկին ղեկավարը չորս օր շարունակ հարցաքննության ենթարկվեց 2007-ին Լիբիայի կողմից իր նախընտրական արշավի ֆինանսավորման գործի քննության շրջանակում: Այս հոդվածի համաձայն նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում:
Ֆրանսիայում առաջին անգամ է նման մեղադրանք առաջադրվում երկրի նախկին նախագահին: Սակայն Սարկոզիի համար սա չորրորդ դեպքն է: Նա մեղադրվում է նաև կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և ապօրինի կերպով ձեռք բերված միջոցներ պահելու համար:
Լիբիայի իշխանությունները Ֆրանսիայի նախկին նախագահի նախընտրական արշավի ֆինանսավորման մասին հայտարարել էին 2011-ի մարտին: Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը, Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում, Սարկոզիից պահանջել է ընդունել ֆինանսական օգնություն ստանալու փաստը:
Սարկոզին, սակայն, հերքում է ներկայացված մեղադրանքը: «Ես անմեղ եմ և վստահ եմ, որ վերջում ճշմարտությունը կհաղթի»,- գրել է նա Twitter-ում: