Լույսը Գերմանիայի հյուսիսում բացվեց փակ ճանապարհներով. երթևեկությունը Համբուրգում կաթվածահար էր եղել: Առավոտից հայերը պաստառներով և մի քանի տասնյակ կիլոմետրի հասնող ավտոշարասյուներով երկկողամանի փակել էին միջազգային ճանապարհը: Պահանջը մեկն էր՝ չլռել և արձագանքել. Արցախում ու Հայաստանում խաղաղ բնակիչներ են զոհվում:
Արթուր Թորոսյան - Այս ճանապարհը Համբուրգի սիրտն է, տանում է Համբուրգի նավահանգիստ:
Գերմանահայերը ուոթսափով երկու օր առաջ են խումբ ստեղծել, պայմանավորվել՝ նույն ժամին փակել Գերմանիային կապող բոլոր երկրների ճանապարհները: Դանիայից Գերմանիայով դեպի Բելգիա, Ֆրանսիա, Ավստրիա միջազգային Ա1 ճանապարհի երթևեկությունը երկկողմանի փակ էր:
Արգիշտի Սահակյան - Մեր ուզածը ստացվել էր արդեն, երթևեկությունը դադարել էր, մեր պահանջն էինք ներկայացնում, որ մեր ձայնը լսելի լինի Եվրոպայում. այսօր անմեղ մարդիկ են զոհվում:
Ա1 ճանապարհի փակումից կես ժամ անց Եվրոպայի հիմնական ճանապարհների երթևեկությունը կաթվածահար վիճակում էր:
Մենք խաղաղություն ենք ուզում: Միայն այդ դեպքում ճանապարհը կբացվի: Գերմանահայերի բողոքին՝ ընդդեմ Արցախի և Հայաստանի նկատմամբ արդեն 20 օր իրականացվող ադրբեջանաթուրքական ագրեսիայի, տեղի ոստիկանները այլընտրանք առաջարկեցին՝ խաղաղ ցույցը այլ տարածք տեղափոխել, միայն թե ճանապարհը բացվի: Ապարդյուն: Եվրոպան լուռ է, մենք էլ լուռ կկանգնենք ճանապարհին: Ոստիկանները միայն լսում էին հայկական կոչերը:
Հայաստանի ձայնը լսելի դարձնելու համար ոստիկաններին առաջարկեցին լրագրողների հրավիրել՝ ուղիղ եթերում խոսել հայերի պահանջի մասին: Գերմանական 12 լրատվամիջոց արագ եկավ Ա1 ճանապարհի փակված հատվածը, աշխատեցին ուղիղ եթերում:
Արթուր Թորոսյան - Բայց մինչև Գերմանիայի առաջին ալիքը եթեր չմտնի, մենք այստեղից չենք գնալու, պետք է բոլորը տեսնեն՝ ինչ ենք անում այստեղ:
Առաջին ալիքը նույնպես ժամանեց՝ հայերը հստակ ձևակերպեցին պահանջը՝ պատժել ադրբեջանա-թուրքական հանցագործ ռեժիմին և ճանաչել Արցախի անկախությունը:
Հայերը ամենակարևոր՝ Ա1 ճանապարհին. Համբուրգի երթևեկությունը կաթվածահար է եղել: Գերմանական լրատվամիջոցների օրվա առաջին լուրն է:
Ուղիղ եթերում Թոմաս Քնոֆը հայտնեց՝ ոստիկանները ապշել են հայերի կազմակերպած ցույցից, ոչ մի ագրեսիվ քայլ: Ճանապարհն արդեն բաց է, հայերը նաև ներողություն են խնդրել ստեղծած անհարմարության համար՝ ասել է լրագրողը:
Արգիշտի Սահակյան - Մեր առաջին քայլն արված է, նպատակը մեր ձայնը լսելի դարձնելն է: Հույս ունեմ, որ կլինի՝ սա վերջինը կլինի, եթե պետք լինի, էլի կանենք, ավելի ուժեղ կանենք:
Միաժամանակ, երկկողմանի փակ են եղել նաև Բեգլիա-Նիդեռլանդներ, Գերմանիա-Դանիա, Ֆրանսիա-Իսպանիա, Ֆրանսիա-Իտալիա մայրուղիները: Հայերը ուղիղ եթերում նաև ասել են՝ կսպասեն ևս երկու օր, նորից ճանապարհներ կփակեն, եթե Եվրոպան կոնկրետ գործողությունների չգնա Թուրքիայի և Ադրբեջանի հարցում: