Համաճարակի դեմ պայքարում իրականացվող հետաքննության շրջանակներում Ֆրանսիայի ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել պետական բարձրաստիճան պաշտոնյաների տներում, այդ թվում առողջապահության նախարար Օլիվիե Վերանի և Ֆրանսիայի հանրային առողջության ազգային գործակալության ղեկավար Ժերոմ Սալոմոնի տանը՝ հայտնում է BBC-ին:
Պաշտոնյաների նկատմամբ հետաքննությունը սկսվել է դատարանի որոշման հիման վրա, որը կայացվել է համաճարակի բռնկումից անմիջապես հետո: Պատճառը անձնական պաշտպանիչ միջոցների սուր պակասն էր, որին բախվում էին ֆրանսիական հիվանդանոցները, ինչպես նաև ոչ ժամանակին ընդունված որոշումները: Բազմաթիվ դատական բողոքներ են ներկայացրել բժիշկներն ու Covid-19-ից մահացածների հարազատները:
Ըստ վերջին տեղեկությունների՝ վարակվածության դեպքերի քանակով Ֆրանսիան Եվրոպայում երկրորդ տեղում է, իսկ աշխարհում՝ 10-րդը. 820,3 հազար հիվանդ, 33 հազար մահ: Նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ վարակը տարածվել է երկրի բոլոր շրջաններում:
Չորեքշաբթի պարետային ժամ է հաստատվել երկրի ամենամեծ քաղաքներում՝ Փարիզում, Մարսելում, Լիլում, Լիոնում, Ռուանում, Սենտ Էթյենում, Թուլուզում, Գրենոբլում և Մոնպելյեում: