ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և փոխնախագահ Անի Սամսոնյանը բաց նամակով դիմել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
«Հարգարժան պարոն Շարփ
Սույն թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը օդային և հրթիռային լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ անխնա գնդակոծելով խաղաղ բնակչությանը, խաղաղ բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Պատերազմի մեկնարկից առ այսօր Ադրբեջանի գործողությունները իրականացվել են Մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով։ Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայից և Լիբիայից ներգրավված վարձկան ահաբեկիչների միջոցով (նրանց ներգրավվածությունն ապացուցված է մամուլի, միջազգային կառույցների և մի քանի պետությունների կողմից) տեղի են ունենում պատերազմական հանցագործություններ ընդդեմ խաղաղ քաղաքացիական բնակչության։
- Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումները դիտավորությամբ թիրախավորում են խաղաղ բնակչությանը՝ կանանց, երեխաներին, տարեցներին.
- նպատակային հարվածներ են հասցվում քաղաքացիական օբյեկտներին և ենթակառուցվածքներին՝ դպրոցներին, մանկապարտեզներին, բազմաբնակարան շենքերին, հիվանդանոցներին.
- թիրախավորվում են քաղաքացիական տրանսպորտային միջոցները.
- խաղաղ բնակչության դեմ հարձակումները ուղղորդվում են էթնիկ ատելության խոսքով.
- քաղաքացիական բնակչությանը թիրախավորելիս կիրառվում են միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ (առավել հաճախ՝ կասետային մարտագլխիկներով).
- Էթնիկ և կրոնական ատելությամբ թիրախավորվում են մշակութային և հոգևոր ժառանգությունը, մասնավորապես՝ Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցին, որտեղ գտնվել են կանայք և երեխաներ։
- այս գործողությունների հետևանքով գրանցվել են քաղաքացիական զոհեր ոչ միայն Արցախում այլ նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս շրջանում.
- ագրեսիայի զոհ են դարձել նաև երեխաներ (զոհված և վիրավորված), տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձ (դիվերսիոն խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն).
- իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս հարձակման են ենթարկվել լրագրողական PRESS տարբերանշանով և արտահագուստով՝ դեպքերը լուսաբանող լրագրողներ և օպերատորներ (Le Monde պարբերականի 2 լրագրող, 24News.am լրագրող, Armenia TV օպերատորը): Հատուկ թիրախավորվել է նաև նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցը.
- Ադրբեջանը կոպտորեն խախտում է Մոսկվայում հաստատված հրադադարը և շարունակում անպատիժ կրակ բացել Արցախի խաղաղ քաղաքների և գյուղերի վրա՝ պատճառելով մարդկային և նյութական բազմաթիվ կորուստներ.
Համոզմունք հայտնելով, որ՝
- Մարդու հիմնարար իրավունքները ունիվերսալ սկզբունքներ են, որոնք չեն կարող սահմանափակվել միայն միջազգայնորեն ճանաչված սուբյեկտների սահմաններով.
- Մարդու իրրավունքների պաշտպանությունը պետք է իրագործել առանց նախապայմանների և խտրականության.
Որպես ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող՝ օբյեկտիվ գնահատել իրողությունները, չսահմանափակվել միայն դատապարտող կոչերով և ձեռնարկել հրատապ միջոցներ Արցախում հումանիտար աղետը կանխելու նպատակով»,- ասված է բաց նամակում։