Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան շարունակվում է։ Ռազմաճակատում պատերազմի 20-րդ օրն առավել թեժ մարտեր են եղել հիմնականում հյուսիսում։ Արցախի բանակը թշնամու հարձակման փորձերը ձախողել է տեղում:
Լուսադեմին և օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել է գրավել մեր դիրքերը, բայց՝ ապարդյուն: Վարձկան ահաբեկիչները մերոնց դիպուկ կրակի տակ հայտնվելով՝ կրել են մեծ կորուստներ՝ մի մասը գետին տապալվել, մյուսները՝ փախել։
Սա 21-րդ դարի պատերազմ է, բայց չգրված օրենքներով։ Թուրք-ադրբեջանաահաբեկչական ուժերը հնարավոր բոլոր միջոցներով թիրախավորում են ոչ միայն ռազմաճակատի ամբողջ երկայնքը, այլև Արցախի քաղաքներն ու գյուղերը։ Թե ինչո՞ւ է թշնամին թիրախավորում խաղաղ բնակչությանը, պարզից էլ պարզ է։ Ճակատում հաջողություն չունենալու փաստն է հակառակորդին ստիպում ուժերը փորձել թիկունքում։
Օրվա երկրորդ կեսին թշնամին հրետակոծել է Մարտունի քաղաքի և Կարմիր Շուկա բնակավայրը, իսկ առավոտյան կրակը հասել է նաև Բերդաշեն: Հրետակոծվել են նաև Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի Տիգրանավան, Այգեհովիտ ու Աղավնո բնակավայրերը։
Պաշտպանության բանակը կեսօրին նոր կադրեր հրապարակեց: Ահա այստեղ երևում է, թե ինչպես են մերոնք հրետանային դիպուկ կրակով հետ շպրտում թշնամական ուժերն ու ձախողում հարձակման փորձերը:
Ադրբեջանի լրացվող զինտեխնիկային զուգահեռ կրկնակի ավելանում են նաև կորուստները: Վերջին տվյալներով թշնամին ռազմաճակատում կորցրել է ևս 1 ԱԹՍ, 6 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ: Ավելանում է նաև թշնամու զոհերի թիվը. միայն երեկ ռազմի դաշտում հակառակորդը թողել է 120 դիակ: Այսպիսով Ադրբեջանը պատերազմի սկզբից կորցրել է 181 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 552 զրահատեխնիկա, 4 ՏՕՍ և ունի 5959 զոհ:
Ադրբեջանական մեդիան այսօր տարածեց հերթական ապատեղեկատվությունը, թե իբր մեր զինուժը կրակել է Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ: Հայաստանը պաշտոնապես հերքեց՝ որևէ հրթիռ չի արձակել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը։
Պաշտպանության նախարարությունը միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հորդորում է իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի դրա պահպանման համար անհրաժեշտ մեխանիզմների հաստատումից:
Հայաստանի զինուժն ու Արցախի պաշտպանության բանակը պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները: