Օրերս Չեռնոգորիայի հավաքականի՝ Ազգերի լիգայի շրջանակում Ադրբեջանի ընտրանու նկատմամբ տոնած հաղթանակից հետո չեռնոգորացի Անդրիա Դրագոևիչն իր երկրի հավաքականի հաղթանակը նվիրել էր Հայաստանին:
«Ալաշկերտի» չեռնոգորացի դարպասապահ Անդրիա Դրագոևիչը Sport24-ի հետ զրույցում անդրադարձել է հայերին աջակցող իր ինսթագրամյան սթորիին:
«Ամեն ինչ շատ հեռուն գնաց: Չէի կարծում, որ նման քննարկումների առիթ կդառնա: Շատերն ինձ շփոթեցին Չեռնոգորիայի հավաքականի մեկ այլ Դրագոևիչի հետ՝ ինձ ներկայացնելով որպես հավաքականի ֆուտբոլիստ՝ չնայած նրան, որ ավելի քան 8 ամիս է՝ հավաքական չեմ հրավիրվել: Այդ գրառումն իմ անձնական նախաձեռնությունն է ու կապ չունի հավաքականի հետ: Եղան լրատվամիջոցներ, որոնք գրեցին, թե ամբողջ հավաքականն է իր հաղթանակը նվիրում Հայաստանին:
Նույն Ադրբեջանում ելույթ ունեցող ֆուտբոլիստներն աջակցել են Ադրբեջանին, սերբերը՝ հայերին, իսկ ես պարզապես աջակցել եմ ինձ հարազատ երկրին: Ինձ քաղաքականությունը չի հետաքրքրում: Ես Հայաստանում ֆուտբոլ եմ խաղում ու աջակցում եմ մարդկանց, որոնց սիրում եմ: Ի դեպ, Չեռնոգորիայի հավաքականը շատ լավ ինձ հասկացավ, ու ոչ մի խնդիր չեղավ:
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան Չեռնոգորիայի ֆուտբոլի ֆեդերացիային ասել էր, որ պետք չէ խառնել սպորտն ու քաղաքականությունը, իսկ հայրենակիցներս պատասխանեցին, որ ես չեմ խառնել, ու դա իմ անձնական տեսակետն է:
Ես արդեն երեք տարի է՝ ապրում եմ, խաղում եմ Հայաստանում, ընտելացել եմ երկրին: Ես սիրում եմ այս ժողովրդին, ինձ նրանք շատ հարազատ են: Դրա համար էլ հաղթանակը նվիրել եմ նրանց: Ես չեմ ցանկացել սադրել ինչ որ մեկին կամ վիրավորել: Շատ հաղորդագրություններ եմ ստացել այդ թեմայով: Հայերին շնորհակալ եմ իրենց հաղորդագրությունների համար, իսկ ադրբեջանցիների հաղորդագրությունները չեմ կարդացել:
Ես սիրում եմ կարդալ, հատկապես պատմություն, սակայն հիմա չեմ ցանկանում խոսել քաղաքականության մասին: Իհարկե, սարսափելի է, որ քաղաքացիական անձինք են զոհվում, 18 տարեկան պատանիներ: Ամեն դեպքում ես քաղաքագետ չեմ, այլ ուղղակի ֆուտբոլիստ: Այնպես որ, ես խաղաղ երկինք եմ մաղթում: Հուսով եմ՝ պատերազմը շուտով կավարտվի, ու մենք կապրենք խաղաղ: Գուցեև Ռուսաստանն իր ներդրումն ունենա տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում:
Միանշանակ, ես միշտ կլինեմ հայ ժողովրդի կողքին: Ինձ մեծ ցավ է պատճառում այն, որ հայերը տառապում են: Ես հիանում եմ այս ազգով: Երբ այս պատերազմն սկսվեց, ես տեսա, թե ինչպես են բոլորն անհանգստացած իրենց հայրենակիցներով, բոլորը՝ ֆուտբոլիստից մինչև մերսող: Այստեղ բոլորը պատրաստ են գնալ ու տեր լինել իրենց հայրենիքին, հողին:
Չեմ փոշմանել գրառմանս համար: Եթե ժամանակը հետ տայինք, ես նույնը կանեի: Ցավալի է, որ ինձ սխալ են հասկացել, բայց դա հարցի մյուս կողմն է: Ես չեմ ցանկացել վիրավորել որևէ մեկին»,- ասել է Անդրիա Դրագոևիչը: