Հայաստանը եղել ու մնում է Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավոր՝ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Հունաստանի պաշտոնակցի հետ ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախյան պատերազմի շուրջ միջազգային արձագանքին: Մնացականյանի խոսքով, երկու նոր հանգամանքներ են ի հայտ եկել՝ Թուրքիայի գործոնն ու միջազգային ահաբեկիչները: Ըստ նախարարի, դրա հետևանքով Բաքվում կարող է և չլսել միջազգային հանրության մոտեցումն այս հարցում:՚
«Դա, բնականաբար, վտանգավոր է և վստահաբար ունի իր հետևանքները: Մեզ համար հարցը եղել և մնում է առավել քան պարզ: Խոսքը վերաբերում է մեր հայրենակիցների գոյութենական անվտանգությանը, և որ նրանց ինքնորոշման իրավունքի ճանաչումը առաջնային գերակա խնդիր է, այսօր արտահայտվում է նաև փաստով, որ այս ամենից բացի, այն պաշտպանության միջոց է: Այդ առումով մենք շարունակելու ենք համագործակցել մեր միջազգային գործընկերների հետ, շարունակելու ենք հավատարիմ մնալ հոկտեմբերի 10-ին ձեռք բերված համաձայնությանը:
Մենք շարունակում ենք պնդել, որ այս խնդիրը ուժի միջոցով հանգուցալուծում չի ունենալու և մեր խիզախները Արցախում ի ցույց են դնում վճռականությունը պաշտպանելու հողը, հայրենիքը, կյանքը, ընտանիքը և բացառում են, որ թշնամին երբևէ ունենալու է խնդրի ռազմական լուծում: Իրենք իրենց գործողությունների միջոցով ավելի խորը ճգնաժամ են ունենալու, բայց ոչ պարտադրված որևէ բան Արցախի ազատության մեջ արժանապատատիվ ապրելու, անվտանգ ապելու ձգտմանը»,-նշեց Մնացականյանը:
Նախարարը վստահեցրեց՝ Հայաստանն ավելի է ուժեղացնում քաղաքական և դիվանագիտական գործիքների կիրառումը Արցախյան հիմնախնդրի խաղաղ և արդար հանգուցալուծմանը հասնելու համար:
«Արցախի ժողովուրդը պայքարել և ստացել է դա: Չի փոխվելու երբևէ ազատության, արժանապատիվ և անվտանգ ապրելու մեր հայրենակիցների իրավունքն ու կարողությունը: որևէ կերպ չի խախտվելու: Այդ առումով էլ իրենց ինքնորոշման իրավունքի ճանաչման գերակայությունը ամենից բացի արտահայտում է մեր հիմնական խնդիրը՝ իրենց ֆիզիկական անվտանգության ռիսկերի վերաբերյալ»,- նշեց Մնացականյանը: